icon-menu
icon-menu

Արտադրության մասին

Արտադրական տարածքները, որոնք դասակարգված և որակավորված են ըստ միջազգային GMP (ՊԱԳ) պահանջների, ընդգրկում են ստերիլ՝ աչքի քսուքների ու ներարկման ամպուլաների և ոչ ստերիլ՝ պինդ, փափուկ և հեղուկ դեղաձևերի արտադրամասերը:

Առանձնացված տարածքներում իրականացվում են հատիկավորման, դեղահատավորման, պատիճավորման և բլիստերավորման գործընթացները:

 

Օշարակների արտադրամասում իրականացվում է ներքին ընդունման օշարակների պատրաստում, շշալցում և պիտակավորում:

 

Առանձնացված է արտաքին օգտագործման լուծույթների արտադրամասը:

 

Փափուկ դեղաձևերի արտադրամասում իրականացվում է քսուքների, նրբաքսուքների և դոնդողների (հելեր) պատրաստում և պարկուճավորում:

 

Արտադրական սարքավորումներն ու տեխնոլոգիական գործընթացները վալիդացված են ըստ միջազգային չափանիշների, անձնակազմի կողմից խստորեն պահպանվում են սանիտարահիգիենիկ, հանդերձափոխման, ելքի ու մուտքի և արտադրական բոլոր գործառույթների հետ կապված ընթացակարգերը: Տեխնոլոգիական գործընթացներում հնարավորինս նվազեցված է մարդու միջամտությունը:

Ցանկացած արտադրական գործընթացի նախորդում է սարքավորումների մաքրության ստուգումը: Որակի հետ առնչվող բոլոր ցուցանիշների գնահատման համար իրականացվում են ներգործընթացային նմուշառումներ, փորձաքննություններ և վերահսկումներ: Կատարված բոլոր գործողությունները պատշաճ կերպով փաստաթղթավորվում են, կազմված փաստաթղթերը վերանայվում են և պահպանվում:

Արտադրական մեծ հնարավորությունների շնորհիվ՝ ընկերությունն իրականացնում է նաև պայմանագրային արտադրություն՝ այլ կազմակեպությունների պատվերով:

Ստերիլ արտադրամասում գործում է մուտքի ավելի խիստ ընթացակարգ. մինչև ամենաբարձր կարգի մաքրության սենյակ հասնելն անձնակազմը հանդերձափոխվում է երեք անգամ՝ հագնելով ստերիլիզացված արտահագուստ:

 

Ստերիլ դեղաձևերի արտադրութունն իրականացվում է GMP չափանիշներով սահմանված մաքուր սենյակներում, որտեղ հատուկ տեղադրված ինքնակարգավորվող օդորակման համակարգերը և HEPA ֆիլտրերն ապահովում են բարձր կարգի մաքրության օդ, անհրաժեշտ ջերմաստիճան և խոնավություն: Մշտական վերահսկողության են ենթարկվում օդի մանրէաբանական չափանիշները:

Աչքի ստերիլ քսուքների և ամպուլաների պատրաստման և լցավորման փուլերն իրականացվում են ամենաբարձր կարգի մաքրության պայմաններում՝ լամինար օդի հոսքի ներքո: Մարդու միջամտությունն այստեղ բացառվում է: Գործընթացն իրականանում է գերմանական ROTA ընկերության արտադրության ավտոմատ լցավորման սարքով: Այս ամենի շնորհիվ ապահովվում է արտադրվող խմբաքանակի ցանկացած միավորի ստերիլությունը:

 

Ամպուլաներն անցնում են վերջնական ստերիլիզացում իսպանական Telstar ընկերության արտադրության ավտոկլավում: Այնուհետև բոլոր ամպուլաներն  անցնում  են  խոտանորոշում՝  վիզուալ  ստուգմամբ: