icon-menu
icon-menu

Արտադրանքներ

Կլոտրիմազոլ, 1 % նրբաքսուք

ԴեղաձեվըՓափուկ

ATC խումբՀակասնկային դեղեր

ATC ենթախումբԱզոլային խմբի դեղեր (արտաքին օգտագործման համար)

Դեղի առևտրային անվանումըԿլոտրիմազոլ

Դեղի միջազգային անվանումըԿլոտրիմազոլ (Clotrimazole)

Ներդիր թերթիկ՝ ուզբեկերեն: Clotrimazole 1% topical cream

Դեղաձևը
1% նրբաքսուք արտաքին օգտագործման համար:
Բաղադրությունը
Արտաքին օգտագործման համար նրբաքսուքի յուրաքանչյուր գրամը պարունակում է.
Ակտիվ բաղադրանյութ` 10 մգ կլոտրիմազոլ:
Օժանդակ բաղադրանյութեր` ցետեարեթ-12, ցետեարեթ-20, հեղուկ պարաֆին, ցետոստեարիլային ալկոհոլ, մեթիլպարաբեն, պրոպիլպարաբեն, պրոպիլենգլիկոլ (8%), դիմեթիկոն:
Դեղաբանական խումբը և ԱԲՔ կոդը
Հակասնկային միջոց: ԱԲՔ կոդը՝ A01AB18; D01AC01; G01AF02:
Քիմիական անունն ու CAS համարը
1-(α-2-քլորտրիտիլ)իմիդազոլ; 23593-75-1:
Դեղաբանական ազդեցությունը
Կլոտրիմազոլը արտաքին օգտագործման հակասնկային դեղ է, որը որպես ազդող նյութ պարունակում է իմիդազոլի ածանցյալ հանդիսացող կլոտրիմազոլ: Ազդեցության մեխանիզմը պայմանավորված է սնկերի բջջաթաղանթի կառուցման համար անհրաժեշտ էրգոստերոլի սինթեզի ընկճումով, որը բերում է նրա թափանցելիության փոփոխմանը և բջջի հետագա քայքայմանը: Առաջացնում է նաև ֆոսֆոլիպիդային թաղանթի թափանցելիության բարձրացում, ցիտոպլազմաների վակուոլիզացիա, ռիբոսոմների թվի նվազեցում: Օժտված է հակաբակտերիային տրիխոմոնացիդային ազդեցությամբ: Կլոտրիմազոլը ակտիվ է սնկերի նկատմամբ՝ Epidermophyton floccosum, Histoplasma capsulatum, Paracoccidioides brasiliensis, Trichophyton mentagrophytes և T. rubrum, Microsporum canis, Candida spp., Malassezia spp., Blastomyces dermatitidis, Coccidioides immitis, մի շարք շտամների՝ Cryptococcus neoformans, Aspergillus spp., Sporothrix schenckii նկատմամբ: Ակտիվ է նաև գրամդրական բակտերիաների նկատմամբ և ունի որոշակի հակապրոտոզոային ազդեցություն Leishmania spp.-ի նկատմամբ:
Ֆարմակոկինետիկա
Կլոտրիմազոլը օժտված է բարձր թափանցող հատկությամբ: Արտաքին օգտագործման դեպքում էպիդերմիսի ստորին շերտերում դեղի խտությունը էականորեն գերազանցում է դերմատոֆիտների դեպքում in vitro որոշված կլոտրիմազոլի փոքրագույն ճնշիչ խտությանը: Կլոտրիմազոլի միայն աննշան մասն է հայտնաբերվում շրջանառու արյան մեջ: Կլոտրիմազոլը մետաբոլիզմի է ենթարկվում լյարդում, առաջացնելով ոչ ակտիվ նյութեր, օրգանիզմից հեռանում է մեզի և կղանքի հետ:
Ցուցումները
Կլոտրիմազոլի նկատմամբ զգայուն հարուցիչների կողմից առաջացրած մաշկի սնկային հիվանդություններ (այդ թվում՝ դերմատոֆիտներ, մակերեսային միկոզներ):
Դեղաչափերն ու կիրառման եղանակները
Արտաքին օգտագործման կլոտրիմազոլը բարակ շերտով քսում են մաշկի ախտահարված մակերեսին և հավասարաչափ բաշխում. կիրառման հաճախականությունը՝ օրը 2-3 անգամ: Միանվագ դեղաչափը, ելնելով ափին համարժեք մակերեսի չափերից, կազմում է 5 մմ երկարությամբ սյունիկ: Խորհուրդ է տրվում բուժումը շարունակել բնորոշ ախտանշանների անհետացումից հետո ևս 2 շաբաթ: Բուժման ընդհանուր տևողությունը կազմում է. դերմատոմիկոզների դեպքում՝ 3-4 շաբաթ, բազմագույն մկնատամի (որքին) դեպքում՝ 1-3 շաբաթ: Եթե բուժումը սկսելուց հետո 4 շաբաթվա ընթացքում չի նկատվում բարելավում, ապա դեղի կիրառումը պետք է դադարեցնել և խորհրդակցել բժշկի հետ:
Կողմնակի ազդեցություններ
Հազվադեպ՝ եղնջացան, այտուցվածություն, մաշկացան, էրիթեմա, այրոցի զգացում, քոր, գրգռվածություն, թեփոտում, մակերեսային ճաքեր դեղի կիրառման տեղում; շփումային դերմատիտ:
Գերդեղաչափավորում
Դեղի ցածր ներծծման պատճառով գերդեղաչափավորումը քիչ հավանական է:
Հակացուցումներ
Դեղը հակացուցված է կլոտրիմազոլի և դեղի այլ բաղադրամասերի նկատմամբ գերզգայունության դեպքում, հղիության առաջին եռամսյակի ընթացքում: Արտաքին օգտագործման կլոտրիմազոլի նրբաքսուքը հակացուցված է մինչև 2 տարեկան երեխաներին:
Հատուկ ցուցումներ
Խորհուրդ չի տրվում դեղը քսել աչքերի շրջակա մաշկին: Եթե դեղի կիրառումից հետո 4 շաբաթվա ընթացքում մաշկային հիվանդության ախտանշանները չեն անհետանում, ապա պետք է ճշգրտել ախտորոշումը:
Հղիություն և կաթնարտադրության շրջան Խորհուրդ չի տրվում դեղը կիրառել առաջին եռամսյակի ընթացքում: Հղիության առաջին և երկրորդ եռամսյակների ընթացքում դեղի նշանակման նպատակահարմարության հարցը պետք է լուծվի անհատապես բժշկի հետ խորհրդակցելուց հետո: Պետք է զգուշություն պահպանել կաթնարտադրության շրջանում դեղի կիրառման դեպքում: Խորհուրդ չի տրվում դեղն անմիջապես քսել կաթ արտադրող կաթնագեղձին:
Դեղորայքային փոխազդեցություններ
Կլոտրիմազոլի հետ հակասնկային այլ դեղերի միաժամանակյա կիրառման դեպքում նվազում է վերջիններիս հակասնկային ազդեցությունը: Պարա-հիդրօքսիբենզոյաթթվի պրոպիլ էսթերի մեծ քանակները ուժեղացնում են կլոտրիմազոլի հակասնկային ազդեցությունը: Դեքսամեթազոնը մեծ դեղաչափերի դեպքում ընկճում է կլոտրիմազոլի հակասնկային ազդեցությունը:
Պահման պայմանները
Պահել երեխաների համար անհասանելի, չոր, լույսից պաշտպանված տեղում` 15-250С ջերմաստիճանի պայմաններում:
Պիտանելիության ժամկետ
3 տարի: Չօգտագործել պիտանելիության ժամկետը լրանալուց հետո:
Դեղատնից բացթողման կարգը
Բաց է թողնվում դեղատոմսով:
Թողարկման ձևը և փաթեթավորումը
1% նրբաքսուք արտաքին օգտագործման համար, 15-ական գրամ ալյումինե պարկուճներում, ներդիր-թերթիկի հետ միասին ստվարաթղթե տուփի մեջ: