icon-menu
icon-menu

Արտադրանքներ

Լորազեպամ, 2 մգ դեղահատեր

ԴեղաձեվըԴեղահատեր

ATC խումբՆյարդաբանություն: Հոգեբանություն

ATC ենթախումբԱնքսիոլիտիկներ

Դեղի առևտրային անվանումըԼորազեպամ

Դեղի միջազգային անվանումըԼորազեպամ (Lorazepam)

Ներդիր թերթիկ՝ վրացերեն: Lorazepam 2 mg tablets

Ընդհանուր բնութագիրը
Հիմնական ֆիզիկաքիմիական հատկությունները

Կլոր տափակ սպիտակ կամ գրեթե սպիտակ գույնի, երբեմն ավելի մուգ գույնի կետերով դեղահատեր` մեկ կողմից ակոսիկով:

Բաղադրությունը

Յուրաքանչյուր դեղահատ պարունակում է.

Ակտիվ բաղադրանյութ` 2 մգ լորազեպամ:
Օժանդակ բաղադրանյութեր` միկրոբյուրեղային ցելյուլոզ, լակտոզա մոնոհիդրատ, եգիպտացորենի օսլա, պովիդոն, նատրիումի օսլայի գլիկոլատ, մաքրված տալկ, մագնեզիումի ստեարատ:

Դեղաբանական խումբը և ԱԲՔ կոդը

Բենզոդիազեպինային շարքի տագնապամարիչ (տրանկվիլիզատոր) , N05BA06.

Քիմիական անվանումը և CAS համարը

7-քլոր-5-(2-քլորֆենիլ)-1,3-դիհիդրո-3-հիդրօքսի-2Н-1,4,-բենզոդիազեպին-2-ոն; 846-49-1.

Դեղաբանական ազդեցությունը

Բենզոդիազեպինների շարքի տագնապամարիչ է: Լորազեպամը ցուցաբերում է տագնապամարիչ, հանգստացնող, քնաբեր (նպաստում է քնման գործընթացին), կենտրոնական մկանաթուլացնող ազդեցություն (բարձրացնում է ջղակծկումային պատրաստվածության շեմքը), նվազեցնում է էմոցիոնալ լարվածությունը, փոքրացնում է վախի եւ անհանգստության զգացողությունը, կայունացնում է նյարդավեգետատիվ համակարգը: Ազդեցության մեխանիզմը պայմանավորված է GABAA կոմպլեքսի ընկալիչների հետ լորազեպամի կապով, որն իր հերթին առաջ է բերում այդ ընկալիչային կոմպլեքսի հետ GABA-ի միացում: Այս ամենի հետեւանքով ուժեղանում է քլորի իոնների թափանցումը նեյրոնի մեջ` առաջացնելով վերջինիս գերբեւեռացում եւ կենսաէլեկտրաակտիվության արգելակում:

Տագնապամարիչ ազդեցությունը պայմանավորված է նաեւ սպինալային ռեֆլեքսների արգելակումով:

Ֆարմակոկինետիկա

Ներծծումը. ներքին ընդունման ժամանակ դեղը արագորեն եւ ամբողջությամբ ներծծվում է ստամոքսաղիքային համակարգից: Արյան շիճուկում դեղի առավելագույն խտությունը ի հայտ է գալիս 2 ժամվա ընթացքում: Ներքին ընդունման ժամանակ Լորազեպամի կենսամատչելիությունը կազմում է 95-99%:

Տեղաբաշխումը. սպիտակուցների հետ կապը կազմում է 85%, իսկ Vd-ն` 1.3 լ/կգ:

Լորազեպամը անցնում է արյունաուղեղային պատնեշի եւ ընկերքի միջով, արտազատվում է կաթի մեջ:

Նյութափոխանակությունը. լորազեպամը մետաբոլիզմի է ենթարկվում լյարդում կոնյուգացիայի եղանակով` առաջացնելով ոչ ակտիվ մետաբոլիտներ:

Արտազատումը. կիսատրոհման պարբերությունը (T1/2) կազմում է 10-20 ժամ: Ընդունված դեղաչափի մոտ 88%-ը արտազատվում է գլխավորապես մեզի հետ, որից 75%-ը` գլյուկուրոնիդների տեսքով:

Ցուցումներ
  • Քնի խանգարումներ, տագնապային վիճակների կարճատև բուժում, Քիմիոթերապիայում սրտխառնոցի եւ փսխման բուժում, ինչպես նաև անեսթեզիոլոգիայում նախավիրահատական շրջան (պրեմեդիկացիա):
Դեղաչափավորումը և կիրառման եղանակները
Դեղաչափումն ունի անհատական բնույթ: Տարեց և տկար հիվանդներին նշանակում են դեղաչափի կեսը: Նախնական բուժման տևողությունը 1 շաբաթից ոչ ավել:

Անհանգստությամբ եւ վախով ուղեկցվող վիճակների դեպքում սկզբնական դեղաչափը կազմում է օրը 1-6 մգ, բաժանված 2-3 ընդունումների համար (մեծ դեղաչափը ընդունել երեկոյան): Դեղաչափը կարելի է մեծացնել մինչեւ օրը 10 մգ:

Անհանգստությամբ ընթացող քնի խանգարումների դեպքում նշանակում են 1-4 մգ`քնելուց առաջ:

Անեսթեզիոլոգիայում նախավիրահատական շրջանում մեծահասակներին նշանակում են 2-3 մգ` երեկոյան վիրահատությունից առաջ: Անհրաժեշտության դեպքում առավոտյան նշանակում են ավելի ցածր դեղաչափ: Այլընտրանքային կարելի է նշանակել 2-4 մգ` վիրահատությունից 1-2 ժամ առաջ:

Մինչև քիմիոթեարպիայի սկսելը նշանակում են 1-2 մգ Լորազեպամ դեքսամեթազոնի հետ` հակաուռուցքային դեղի ընդունմամբ պայմանավորված փսխման զարգացման բարձր վտանգից ելնելով` սուր ախտանիշների կանխման համար:

Դեղահատերն ընդունում են ամբողջական, առանց ծամելու, բավարար քանակությամբ հեղուկի հետ:

Կողմնակի ազդեցություններ
ԿՆՀ-ի կողմից. հազվադեպ, հատկապես բուժման սկզբում կամ դեղաչափը գերազանցելու դեպքում` քնկոտություն, ատաքսիա, հոգնածություն, մկանային թուլություն (այս երեւույթները սովորաբար անհետանում են դեղաչափը փոքրացնելուց հետո կամ բուժումը շարունակելու ընթացքում): Շատ հազվադեպ` գլխապտույտ, գլխացավ, դեպրեսիա, եզակի դեպքերում` հիշողության ժամանակավոր կորուստ: Հազվադեպ նկատվում են հակասական ռեակցիաներ (դրդվածություն, անհանգստության եւ վախի զգացում, տեսիլներ, անքնություն, մկանային լարվածության մեծացում): Այդպիսի դեպքերում պետք է դադարեցնել դեղի ընդունումը:

Ստամոքսաղիքային համակարգի կողմից. հազվադեպ` բերանում չորություն կամ թքարտադրության ուժեղացում, դիսֆագիա, սրտխառնոց, փորլուծություն, փորկապություն, ախորժակի խանգարումներ, եզակի դեպքերում` լյարդային տրանսամինազների ակտիվության բարձրացում, դեղնախտ:

Շնչական համակարգի կողմից. որոշակի դեպքերում, բարձր դեղաչափերի կիրառման ժամանակ նկատվել է շնչառության ընկճում:

Սիրտանոթային համակարգի կողմից. զարկերակային գերճնշում, հազվասրտություն:

Այլ ազդեցություններ. հազվադեպ` մաշկային ռեակցիաներ, տեսողության խանգարումներ, անմիզապահություն, լիբիդոյի փոփոխություն, տենդ, եզակի դեպքերում` ծայրամասային արյան պատկերի փոփոխություն:

Հակացուցումները
  • Միասթենիա,
  • Փակ անկյունային գլաուկոմա,
  • Ծանր քրոնիկական շնչառական անբավարարություն,
  • Լյարդի ֆունկցիայի արտահայտված խանգարումներ,
  • Երիկամների ֆունկցիայի արտահայտված խանգարումներ,
  • Սուր ալկոհոլային թունավորում,
  • Հոգեմետ դեղերով սուր թունավորում,
  • Հղիության առաջին եռամսյակ,
  • Կաթնարտադրության շրջան,
  • Դեղի եւ բենզադիազեպինների նկատմամբ գերզգայունություն:
Հատուկ ցուցումներ
Լորազեպամը խորհուրդ չի տրվում նշանակել դեպրեսիվ նեւրոզների, տարբեր ծագման դեպրեսիաների, փսիխոզների դեպքում, ինչպես նաեւ մինչեւ 18 տարեկան հիվանդներին:

Լակտոզա մոնոհիդրատի 38.8 մգ պարունակության պատճառով չպետք է նշանակվի ժառանգական լակտոզային անտանելիություն, լակտազայի, լակտազա Լապպայի անբավարարություն կամ գլյուկոզոգալակտոզայի վատ ներծծում ունեցող հիվանդներին:

Շնչական անբավարարության, քնի մեջ ապնոէի համախտանիշի, կոմատոզային վիճակների դեպքում Լորազեպամի նշանակման անհրաժեշտության դեպքում պահանջվում է ցուցումների մանրամասն գնահատում` շնչառության հնարավոր ընկճման պատճառով:

Լորազեպամի երկարատեւ կիրառման ժամանակ անհրաժեշտ է պարբերաբար վերահսկել ծայրամասային արյան պատկերը, իսկ լյարդի եւ երիկամների հիվանդությունների դեպքում` վերահսկել այդ օրգանների ֆունկցիան: Խորհուրդ է տրվում Լորազեպամով բուժումը սկսել աշխատանքային շաբաթվա վերջում:

Ծեր հիվանդների մոտ հնարավոր է դեղի նկատմամբ գեզգայունություն` նրա ազդեցության ուժեղացման հետեւանքով:

Լորազեպամի երկարատեւ կիրառման դեպքում հնարավոր է ընկալունակության եւ դեղորայքային կախյալության զարգացում: Ժուժկալության համախտանիշը կարող է հանդես գալ դողի, անհանգստության, քնի խանգարումների, տագնապի, գլխացավի, ուշադրության կենտրոնացման թուլացման տեսքով: Հնարավոր է քրտնարտադրության ուժեղացում, մկանային ջղակծկումներ, կծկումային բնույթի ցավեր փորում, զգացմունքային խանգարումներ, հազվադեպ` կենտրոնական ծագման ջղակծկումներ եւ զառացանք: Լորազեպամի նկատմամբ կախյալության վտանգի փոքրացման նպատակով բուժումը պետք է հնարավորին չափ կարճատեւ լինի: Լորազեպամի կիրառման ժամանակ հակացուցված է ալկոհոլի օգտագործումը (ԿՆՀ-ի վրա փոխադարձ արգելակիչ ազդեցության եւ պաթոլոգիական հարբեցողության հնարավոր առաջացման պատճառով): Բուժման դադարեցումը պետք է կատարվի աստիճանաբար: Կտրուկ դադարեցման դեպքում առաջանում է տարբեր ինտենսիվության ժուժկալության համախտանիշ` կախված դեղաչափից եւ դեղի ընդունման տեւողությունից:

Ավտոտրանսպորտը վարելու եւ մեխանիզմները կառավարելու ունակության վրա ունեցած ազդեցությունը
Հիվանդներին, որոնք ընդունում են Լորազեպամ, խորհուրդ չի տրվում զբաղվել պոտենցիալ այնպիսի վտանգավոր գործունեություններով, որոնք պահանջում են ուշադրության գերլարում և հոգեշարժական ռեակցիաների արագություն
Գերդեղաչափավորումը
Ախտանշանները. քնկոտություն, հավասարակշռության խանգարում, շարժման կոորդինացիայի խանգարում, մկանային թուլություն, գիտակցության խանգարում, դիզարթրիա, զարկերակային ճնշման աննշան իջեցում, սրտխառնոց, փսխում:

Բուժումը. դեղի ընդունման դադարեցում, ստամոքսի լվացում, ախտանշանային բուժման անցկացում: Ֆլումազենիլը հանդիսանում է բնորոշ հակաթույն (բենզադիազեպինային ընկալիչների մրցունակային անտագոնիստ): Հեմոդիալիզը արդյունավետ չէ:

Հղիություն և կաթնարտադրության շրջան
Հաստատվել է, որ հղիության առաջին երեք ամիսների ընթացքում Լորազեպամի կիրառման դեպքում բենզոդիազեպինները մեծացնում են պտղի զարգացման արատների առաջացման վտանգը, այդ պատճառով դեղը հակացուցված է հղիության առաջին երեք ամիսների ընթացքում: Հղիության ավելի ուշ շրջանում Լորազեպամի կիրառումը կարող է հանգեցնել պտղի ԿՆՀ-ի եւ շնչառական կենտրոնի ընկճման, այդ պատճառով դեղի նշանակման անհրաժեշտության դեպքում պետք է համեմատել պտղի վրա սպասվելիք բարենպաստ ազդեցությունը հնարավոր վնասակար ազդեցության հետ:

Լորազեպամը արտազատվում է կաթի մեջ: Այդ պատճառով կաթնարտադրության շրջանում խորհուրդ չի տրվում կիրառել Լորազեպամ:

Դեղորայքային փոխազդեցություններ
Լորազեպամի եւ ԿՆՀ-ի ֆունկցիայի արգելակիչների (այդ թվում` էթանոլի եւ էթանոլ պարունակող դեղերի, ՄԱՕ արգելակիչների եւ այլ հակադեպրեսանտների, նեյրոլեպտիկների, հակահիստամինային դեղերի, ափիոնային ցավազրկողների, անզգայացման համար միջոցների, բարբիտուրատների) միաժամանակյա կիրառման դեպքում հնարավոր է ազդեցության փոխադարձ ուժեղացում: Լորազեպամի եւ ցիզապրիդի միաժամանակյա կիրառման դեպքում նկատվում է Լորազեպամի հանգստացնող ազդեցության ուժեղացում:
Պիտանելիության ժամկետը
3 տարի: Չօգտագործել պիտանելիության ժամկետը լրանալուց հետո:
Դեղատնից բացթողման կարգը
Բաց է թողնվում դեղատոմսով:
Թողարկման ձևը և փաթեթավորումը
24 դեղահատ պարունակող ստվարաթղթե տուփ (1 բլիստեր 24 դեղահատ պարունակող):
Պահման պայմանները
Պահել երեխաների համար անհասանելի, չոր, լույսից և խոնավությունից պաշտպանված տեղում` սենյակային ջերմաստիճանում: