icon-menu
icon-menu

Արտադրանքներ

    Ամլոդիպին, 5 մգ դեղահատեր

    ԴեղաձեվըԴեղահատեր

    ATC խումբՍրտաբանություն: Անոթաբանություն

    ATC ենթախումբԿալցիումական ուղիների պաշարիչներ

    Դեղի առևտրային անվանումըԱմլոդիպին

    Դեղի միջազգային անվանումըԱմլոդիպին (Amlodipine)

    Ինչ է Ամլոդիպին դեղը և ինչի համար է այն կիրառվում

    Որպես ակտիվ բաղադրատարր Ամլոդիպին դեղահատերը պարունակում են ամլոդիպին, որը պատկանում է կալցիումական ուղիների պաշարիչներ կոչվող դեղերի խմբին:

    Ամլոդիպինը կիրառվում է զարկերակային գերճնշման (հիպերտոնիա) կամ կրծքավանդակում ցավի՝ ստենոկարդիայի բուժման համար, որի հազվադեպ հանդիպող տեսակ է Պրինցմետալի կամ տարբերակային ստենոկարդիան:

    Բարձր զարկերակային ճնշում ունեցող պացիենտները մոտ այս դեղն առաջացնում է արյունատար անոթների մկանների թուլացում, այդպիսով՝ հեշտացնելով դրանցում արյան հոսքը: Ստենոկարդիա ունեցող պացիենտների մոտ Ամլոդիպինը լավացնում է սրտամկանի արյունամատակարարումը և, հետևաբար, մեծացնում է դրանում թթվածնի հոսքը, այդպիսով կանխարգելելով կրծքավանդակի ցավը: Այս դեղը չի ապահովում ստենոկարդիայով պայմանավորված կրծքավանդակի ցավի արագ թեթևացում:

     

    Ինչ պետք է իմանալ Ամլոդիպին դեղն ընդունելուց առաջ

    Մի՛ ընդունեք Ամլոդիպին դեղը, եթե ունեք

    • ալերգիա (գերզգայունություն) ամլոդիպինի, դեղի օժանդակ նյութերից ցանկացածի նկատմամբ կամ կալցիումի այլ անտագոնիստների նկատմամբ: Ալերգիան կարող է արտահայտվել քորով, մաշկի կարմրությամբ կամ շնչառության դժվարացմամբ:
    • ցածր զարկերակային ճնշում (հիպոթենզիա)
    • աորտայի փականի նեղացում (աորտայի ստենոզ) կամ կարդիոգեն շոկ (իրավիճակ, որի դեպքում սիրտը դադարում է մատակարարել օրգանիզմին բավարար քանակի արյուն)
    • սրտային անբավարարություն՝ սրտային նոպայի հետևանքով:

     

    Կիրառման հատուկ հրահանգներ և նախազգուշացումներ

    Նախքան Ամլոդիպին դեղի ընդունումը խորհրդակցե՛ք բուժող բժշկի կամ դեղագետի հետ:

    Եթե ունեք կամ նախկինում ունեցել եք ներքոնշյալ խնդիրները, տեղեկացրե՛ք այդ մասին Ձեր բժշկին:

    • Վերջերս տարել եք սրտամկանի ինֆարկտ
    • Սրտային անբավարարություն
    • Զարկերակային ճնշման արտահայտված բարձրացում (հիպերթենզիվ կրիզ)
    • Լյարդի հիվանդություններ
    • Եթե տարեց եք և, ըստ ցուցումների, Ձեզ անհրաժեշտ է դեղաչափի բարձրացում:

     

    Երեխաներ և դեռահասներ

    Ամլոդիպինի կիրառումը 6 տարեկանից ցածր երեխաների մոտ չի ուսումնասիրվել: Ամլոդիպինը կարող է կիրառվել միայն 6-17 տարեկան զարկերակային ճնշում ունեցող երեխաների և դեռահասների շրջանում:

    Ավելի մանրամասն տեղեկատվության համար, խորհրդակցե՛ք բուժող բժշկի հետ:

     

    Ամլոդիպին դեղի և այլ դեղերի միաժամանակյա կիրառում

    Տեղեկացրե՛ք բուժող բժշկին կամ դեղագետին, եթե ներկայումս ընդունում եք կամ վերջերս ընդունել եք որևէ այլ դեղ, ներառյալ՝ առանց դեղատոմսի բաց թողնվողները:

    Ամլոդիպինը և այլ դեղերը կարող են փոփոխել մեկը մյուսի ազդեցությունը, այդ դեղերից են.

    • Կետոկոնազոլը, իտրակոնազոլը (հակասնկային դեղեր)
    • Ռիտոնավիրը, ինդինավիրը, նելֆինավիրը (այդպես կոչված պրոտեազայի արգելակիչները, որոնք կիրառվում են ՄԻԱՎ-ի ժամանակ)
    • Ռիֆամպիցինը, էրիթրոմիցինը, կլարիթրոմիցինը (հակաբիոտիկներ)
    • Hypericum perforatum (սրոհունդ) պարունակող դեղերը
    • Վերապամիլը, դիլթիազեմը (սրտային դեղեր)
    • Դանտրոլենը (ինֆուզիայի ձևով՝ մարմն ջերմաստիճանի արտահայտված բարձրացման դեպքում)
    • Տակրոլիմուսը, սիրոլիմուսը, տեմսիրոլիմուսը և էվերոլիմուսը (իմունային համակարգի աշխատանքի կարգավորման համար կիրառվող դեղեր)
    • Սիմվաստատինը (դեղ, որը իջեցնում է խոլեստերինի մակարդակը)
    • Ցիկլոսպորինը (իմունոդեպրեսանտ)

    Զարկերակային գերճնշման բուժման համար կիրառվող այլ դեղերի հետ միաժամանակյա ընդունման դեպքում Ամլոդիպինը կարող է ավելի արտահայտված ձևով իջեցնել զարկերակային ճնշումը:

     

    Ամլոդիպին դեղի ընդունումը սննդի և ըմպելիքների հետ

    Ամլոդիպինի միաժամանակյա ընդունումը թուրինջի կամ թուրինջի հյութի հետ խորհուրդ չի տրվում, քանի որ դա կարող է բերել արյան մեջ ամլոդիպինի պարունակության մեծացմանը, ինչն, իր հերթին, կարող է հանգեցնել զարկերակային ճնշման ավելի արտահայտված իջեցման:

     

    Կիրառումը հղիության և կրծքով կերակրման շրջանում

    Հղիություն

    Հղի կանանց շրջանում ամլոդիպինի ընդունման անվտանգությունը հաստատված չէ: Հղիության կասկածի կամ պլանավորման դեպքում խորհրդակցեք բուժող բժշկի հետ նախքան այս դեղն ընդունելը:

    Կրծքով կերակրում

    Հաստատված է, որ ամլոդիպինը թափանցում է կրծքի կաթի մեջ: Եթե Դուք կերակրում եք կրծքով կամ պլանավորում եք կերակրել կրծքով, խորհրդակցե՛ք բուժող բժշկի հետ նախքան դեղն ընդունելը:

     

    Ազդեցությունը ուշադրություն պահանջող գործողությունների վրա (փոխադրամիջոցների վարում, սարքավորումների հետ աշխատանք)

    Ամլոդիպինը կարող է ազդել փոխադրամիջոցների վարման կամ սարքավորումների հետ աշխատելու ունակության վրա: Եթե դեղահատերի ընդունումից հետո Դուք վատ եք զգում, ունեք գլխապտույտ, թուլություն կամ գլխացավ, մի՛ նստեք ղեկին, մի՛ աշխատեք սարքավորումների հետ և անհապաղ կապվեք Ձեր բժշկի հետ:

     

    Ամլոդիպինը պարունակում է նատրիում

    Դեղը պարունակում է 1 մմոլ/դեղահատ-ից քիչ նատրիում (23մգ), այսինքն՝ գործնականում չի պարունակում նատրիում:

     

    Ինչպես ընդունել Ամլոդիպին դեղը

    Միշտ ընդունե՛ք դեղն այնպես, ինչպես նշանակված է բժշկի կողմից: Եթե ունեք կասկածներ դեղի ընդունման վերաբերյալ՝ խորհրդակցե՛ք բուժող բժշկի կամ դեղագետի հետ:

    Ամլոդիպինի սկզբնական դեղաչափը՝ 5 մգ է՝ օրական 1 անգամ: Ամլոդիպին դեղի դեղաչափը կարելի է բարձրացնել մինչև 10 մգ՝ օրական 1 անգամ:

    Այս դեղը կարելի է ընդունել, ինչպես ուտելուց առաջ այնպես էլ սննդի և խմիչքների ընդունումից հետո: Այս դեղը պետք է ընդունել օրվա մեջ նույն ժամին՝ խմելով ջրով: Չպետք է ընդունել Ամլոդիպին դեղը թուրինջի հյութի հետ:

     

    Կիրառումը երեխաների և դեռահասների շրջանում

    Երեխաների և դեռահասների համար (6-17 տարեկան) սկզբնական դեղաչափը կազմում է 2.5 մգ օրական մեկ անգամ: Խորհուրդ տրվող առավելագույն դեղաչափը կազմում է 5 մգ օրական մեկ անգամ: Ամլոդիպին 5 մգ դեղահատերը կարելի է բաժանել 2 հավասար դեղաչափերի:

    Կարևոր է չդադարեցնել դեղի ընդունումը: Մի՛ սպասեք դեղահատերի վերջանալուն բժշկին դիմելու համար:

     

    Եթե գերազանցել եք դեղաչափը՝ ավելի շատ դեղահատ եք ընդունել, քան թույլատրելի է

    Չափից շատ քանակով դեղահատերի ընդունումը կարող է դառնալ զարկերակային ճնշման անկման պատճառ ՝ ընդհուպ մինչև կյանքի համար վտանգավոր ցուցանիշների: Այդ դեպքում կարող է առաջանալ գլխապտույտ, թուլություն կամ ուշաթափություն: Զարկերակային ճնշման կտրուկ իջեցման դեպքում կարող է զարգանալ շոկ: Այդ դեպքում մաշկը դառնում է սառը և կպչուն, կարող է առաջանալ գիտակցության կորուստ: Եթե Դուք ընդունել եք չափից շատ Ամլոդիպին դեղահատեր՝ անհապաղ դիմեք բուժօգնության:

     

    Եթե դուք մոռացել եք ընդունել Ամլոդիպին դեղը

    Ձեր բժիշկը խորհուրդ կտա, թե որքան ժամանակ պետք է ընդունել այս դեղը: Եթե Դուք դադարեցնեք այս դեղի ընդունումը սահմանված ժամկետից շուտ, հնարավոր է ռեցիդիվ:

    Եթե ունեք այլ հարցեր դեղի ընդունման հետ կապված, դիմե՛ք բուժող բժշկին կամ դեղագետին:

     

    Ինչպիսի կողմնակի ազդեցություններ կարող են առաջանալ

    Ինչպես բոլոր դեղերը՝ Ամլոդիպին դեղը նույնպես կարող է առաջացնել կողմնակի

    ազդեցություններ, թեև ոչ բոլոր պացիենտների մոտ դրանք կարող են դրսևորվել:

    Ներքոնշյալ կողմնակի ազդեցություններից ցանկացածի ի հայտ գալու դեպքում անհապաղ դիմեք բժշկին.

    • «սուլող» շնչառություն, ցավ կրծքավանդակում, հևոց կամ շնչառության դժվարացում
    • Կոպերի, դեմքի կամ շրթունքների այտուց
    • Լեզվի և կոկորդի այտուց, շնչառության լուրջ դժվարացում
    • Ծանր մաշկային ռեակցիաներ, այդ թվում՝ արտահայտված մաշկային ցան, եղնջացան, ամբողջ մարմնի մաշկի կարմրություն, պղպջակների գոյացում, մաշկի թեփոտում և այտուց, լորձաթաղանթների բորբոքում (Սթիվենս-Ջոնսոնի համախտանիշ, տոքսիկ էպիդերմալ նեկրոլիզ) կամ այլ ալերգիկ ռեակցիաներ,
    • Սրտամկանի ինֆարկտ, սրտի ռիթմի խանգարում
    • Ենթաստամոքսային գեղձի բորբոքում, որը կարող է արտահայտվել որովայնում և մեջքի հատվածում ուժեղ ցավերով, որոնք ուղեկցվում են զգալի վատ ինքնազգացողությամբ:

     

    Շատ հաճախ հանդիպում են ներքոհիշյալ կողմնակի ազդեցությունները: Եթե այս ազդեցությունը Ձեզ մոտ առաջացնում է խնդիրներ կամ եթե այն տևում է մեկ շաբաթից ավելի երկար, Դուք պետք է դիմեք բժշկի:

     

    Շատ հաճախ (> 1/10)

    – այտուց (հեղուկի կուտակում)

     

    Հաճախ դիտվում են ներքոհիշյալ կողմնակի ազդեցությունները: Եթե այս ազդեցությունը Ձեզ մոտ առաջացնում է խնդիրներ կամ, եթե այն տևում է մեկ շաբաթից ավելի երկար, Դուք պետք է դիմեք բժշկի:

     

    Հաճախ (< 1/10)

    -գլխացավ, գլխապտույտ, քնկոտություն (հատկապես՝ բուժման սկզբում)

    – հաճախացած սրտխփոց (սեփական սրտի զարկերի զգալու զգացում), տաք «ալիքներ»

    -ցավ որովայնում, սրտխառնոց

    -դեֆեկացիայի հաճախականության խանգարում, փորլուծություն, փորկապություն, մարսողության խանգարում

    -թուլություն, հոգնածություն

    -տեսողության խանգարում, երկտեսություն

    – Մկանային ջղաձգումներ

    -սրունք-թաթային հոդի այտուց

     

    Ստորև նշված են այլ գրանցված կողմնակի ազդեցություններ: Եթե կողմնակի ազդեցություններից որևէ մեկն ունի լուրջ բնույթ կամ Դուք նկատում եք կողմնակի ազդեցություն, որը նշված չէ այստեղ՝ դիմե՛ք բուժող բժշկին դեղագետին:

     

    Ոչ հաճախ (< 1/100)

    – տրամադրության փոփոխություն, անհանգստություն, դեպրեսիա, անքնություն

    -դող, համի փոփոխություն, ուշաթափություն

    – Վերջույթների թմրածություն կամ ծակծկոցներ, ցավի զգացումի կորուստ

    -զնգոց ականջներում

    – ցածր զարկերակային ճնշում

    -փռշտոց/քթի փակվածություն, որոնք առաջացել են քթի լորձաթաղանթի բորբոքումից (ռինիտ)

    – հազ

    – չորություն բերանում, փսխում

    – մազաթափություն, գերքրտնարտադրություն, մաշկային քոր, մաշկի վրա կարմիր բծեր, մաշկի գույնի փոփոխություն

    – միզարձակման խանգարում, միզարձակման հաճախակի պահանջ գիշերային ժամերին, հաճախակի միզարձակում:

    – էրեկցիայի հասնելու անկարողություն, ինքնազգացողության վատացում կամ տղամարդկանց մոտ կրծքի մեծացում

    – ցավ, ինքնազգացողության վատացում

    -հոդացավ, մկանացավ կամ մեջքի ցավ

    – մարմնի զանգվածի մեծացում կամ նվազում

     

    Հազվադեպ (1/1000)

    – գիտակցության մթագնում

     

    Շատ հազվադեպ (1/10000)

    – արյան մեջ լեյկոցիտների և թրոմբոցիտների քանակի նվազում, ինչը հանգեցնում է անբացատրելի կապտուկների կամ արյունահոսությունների նկատմամբ հակվածության

    – արյան մեջ շաքարի քանակի բարձրացում (հիպերգլիկեմիա)

    – նյարդային խանգարումներ, որոնք կարող են թուլության, ծակծկոցների կամ թմրածության պատճառ դառնալ

    – լնդերի այտուցվածություն

    – որովայնի փքվածություն (գաստրիտ)

    – լյարդի ֆունկցիայի խանգարում, լյարդի բորբոքում (հեպատիտ), մաշկի կարմրություն (դեղնախտ), լյարդային ֆերմենտների մակարդակի բարձրացում, որը կարող է ազդել ախտորոշիչ թեստերի  արդյունքների վրա

    – մկանային լարվածության մեծացում

    – արյունատար անոթների բորբոքում, որը հաճախ ուղեկցվում է մաշկային ցանով

    – Լույսազգայունություն

    – Խանգարումներ, որոնք ներառում են ռիգիդություն, տրեմոր և/կամ շարժողական խանգարումներ:

     

    Ինչպես պահել Ամլոդիպին դեղը
    • Դեղը պահեք երեխաների համար անհասանելի, խոնավությունից և լույսից պաշտպանված վայրում՝ 15-25°С ջերմաստիճանի պայմաններում:
    • Դեղի պիտանիության ժամկետը 3 տարի է: Մի՛ օգտագործեք դեղը տուփի և բլիստերի վրա նշված պիտանիության ժամկետի ավարտից հետո:

    Պիտանիության ժամկետն ավարտվում է նշված ամսվա վերջին օրը:

    • Եթե դեղահատերը փոխել են իրենց գույնը կամ ցուցաբերում են վատորակության այլ նշաններ՝ մի՛ ընդունեք դրանք:
    • Դեղերը չի կարելի նետել կոյուղի կամ կենցաղային թափոնների մեջ: Չօգտագործված դեղերի հետ վարվելու մասին հարցրեք դեղագետին: Այս միջոցառումներն ուղղված են շրջակա միջավայրի պահպանությանը:

     

    Ինչ է պարունակում Ամլոդիպին դեղի փաթեթը և այլ տեղեկություն

    Ինչ է պարունակում Ամլոդիպին դեղը

    Ամլոդիպին 5 մգ դեղի յուրաքանչյուր դեղահատ պարունակում է.

    ակտիվ բաղադրատարր՝  ամլոդիպին- 5 մգ,

    օժանդակ նյութեր՝ կալցիումի հիդրոֆոսֆատ, միկրոբյուրեղային ցելյուլոզ, նատրիումի օսլայի գլիկոլատ, մագնեզիումի ստեարատ:

     

    Ինչ տեսք ունեն Ամլոդիպին դեղի դեղահատերը և ինչ է պարունակում փաթեթը

    Սպիտակ կամ գրեթե սպիտակ կլոր տափակ դեղահատեր՝ գծիկով:

    30 դեղահատ պարունակող 3 բլիստերները (յուրաքանչյուր բլիստերում 10-ական դեղահատ) ներդիր-թերթիկի հետ միասին տեղադրված են ստվարաթղթե տուփի մեջ:

     

    Դեղատնից բաց թողնելու կարգ

    Բաց է թողնվում դեղատոմսով: