icon-menu
icon-menu

Արտադրանքներ

    Կլոբետազոլ, 0.05 % նրբաքսուք

    ԴեղաձեվըՓափուկ

    ATC խումբԳլյուկոկորտիկոիդային դեղեր

    ATC ենթախումբԳլյուկոկորտիկոիդային դեղեր արտաքին օգտագործման համար

    Դեղի առևտրային անվանումըԿլոբետազոլ

    Դեղի միջազգային անվանումըԿլոբետազոլ(Clobetasol)

    Ինչ է Կլոբետազոլ դեղը և ինչի համար է այն կիրառվում

    Կլոբետազոլ դեղի ակտիվ նյութը կլոբետազոլի պրոպիոնատն է: Այն պատկանում է ստերոիդներ կոչվող դեղերի խմբին: Նվազեցնում է այտուցվածությունը և մաշկի գրգռվածությունը:

    Կլոբետազոլը նշանակում են մաշկի որոշակի ախտահարումների դեպքում՝ կարմրության և քորի վերացման համար: Այդ ախտահարումներից են.

    • հաճախակի ռեցիդիվող էկզեման,
    • փսորիազը (բորբոքված, կարմրած մաշկի հաստացած հատվածներ, որոնք, հաճախ, պատված են արծաթագույն թեփուկներով)` բացառությամբ տարածուն բշտիկավոր փսորիազի,
    • հարթ որքինը (մաշկային հիվանդություն, որն առաջացնում է քոր, կարմրա-մանուշակագույն ցանավորում դաստակների, նախաբազուկների և ստորին վերջույթների վրա)
    • դիսկոիդ կարմիր գայլախտը (մաշկային հիվանդություն, որն ամենից հաճախ ախտահարում է դեմքը, ականջները և գլխամաշկը, առաջացնում է սպիներ և վնասված մաշկի գերզգայունություն արևի ճառագայթների նկատմամբ)
    • Դերմատիտը և այլ մաշկային հիվանդություններ, որոնք չեն արձագանքում ավելի թույլ ստերոիդային նրբաքսուքներով և քսուքներով բուժմանը:

     

    Ինչ պետք է իմանալ Կլոբետազոլ դեղն օգտագործելուց առաջ

    Մի՛ օգտագործեք Կլոբետազոլ, եթե.

    • ունեք ալերգիա (գերզգայունություն) կլոբետազոլի պրոպիոնատի կամ դեղի ցանկացած այլ բաղադրիչի նկատմամբ
    • 1 տարեկանից ցածր երեխաներին
    • Ունեք ստորև թվարկված մաշկաբանական հիվանդություններից որևէ մեկը, քանի որ դրանց ընթացքը կարող է վատանալ.
    • ակնե,
    • ռոզացեա,
    • բծավոր ցան բերանի շուրջը (պերիօրալ դերմատիտ),
    • անալ և գենիտալ քոր,
    • մաշկային վարակ այն դեպքում, եթե հիվանդությունը զուգահեռաբար չի բուժվում հակաբակտերիալ դեղերով,
    • մաշկային քոր, որը չի ուղեկցվում բորբոքմամբ,
    • տարածուն բշտիկավոր փսորիազ՝ բացառությամբ առանձին ախտահարումներով դեպքերի:

    Մի՛ օգտագործեք Կլոբետազոլ, եթե Ձեզ մոտ դիտվում է նշված խնդիրներից որևէ մեկը: Եթե ունեք կասկածներ՝ խորհրդակցեք Ձեր բժշկի կամ դեղագետի հետ:

     

    Կիրառման հատուկ հրահանգներ և նախազգուշացումներ

    Խորհրդակցե՛ք Ձեր բժշկի կամ դեղագետի հետ նախքան Կլոբետազոլ դեղը կիրառելը.

    • եթե ավելի վաղ ունեցել եք ալերգիկ ռեակցիաներ այլ ստերոիդների նկատմամբ,
    • եթե պլանավորում եք քսել դեղը հերմետիկ վիրակապի կամ երեխայի տակդիրի տակ, քանի որ այդ դեպքում մեծանում է ակտիվ նյութի ներծծումը մաշկով: Դա կարող է հանգեցնել դեղի հավելյալ ներծծման:
    • Համոզվեք, որ նոր վիրակապ դնելուց առաջ մաշկը մաքուր է՝ վարակի զարգացումը կանխարգելելու համար:
    • Վնասված մաշկի կամ մաշկային ծալքերի վրա նրբաքսուքի կիրառման դեպքում:
    • Մաշկի մեծ տեղամասերի վրա կիրառելու դեպքում:
    • Եթե ունեք փսորիազ՝ պետք է ավելի հաճախ խորհրդակցել բժշկի հետ:
    • Ոտքերի քրոնիկական խոցերի բուժման դեպքում, քանի որ հնարավոր է ալերգիկ ռեակցիայի կամ վարակի առաջացման ավելի մեծ ռիսկ:
    • Աչքերի շուրջ կամ կոպերի վրա կիրառելու դեպքում, քանի որ դա կարող է դառնալ կատարակտի կամ գլաուկոմայի առաջացման պատճառ, եթե նրբաքսուքն անընդհատ ընկնում է աչքերի մեջ:
    • Մաշկի նուրբ հատվածներին, օրինակ՝ դեմքին քսելու դեպքում, քանի որ Կլոբետազոլը կարող է հանգեցնել դեմքի մաշկի բարակացմանը: Դեմքի վրա կիրառման տևողությունը չպետք է գերազանցի 5 օրը: Դեմքի մաշկի վրա նրբաքսուքի կիրառման դեպքում օկկլյուզիվ վիրակապերի կամ բինտերի կիրառումը խորհուրդ չի տրվում:

    Եթե վարակը զարգանում է դեղի կիրառման ընթացքում՝ խորհրդակցեք Ձեր բժշկի կամ դեղագետի հետ:

    Ձեր վիճակի վերաբերյալ ցանկացած կասկածի դեպքում դիմեք Ձեր բժշկին կամ դեղագետին նախքան Կլոբետազոլ դեղն օգտագործելը:

     

    Երեխաներ

    • Չօգտագործե՛լ մինչև 1 տարեկան երեխաների շրջանում:
    • Խուսափե՛ք 1 տարեկանից բարձր երեխաների շրջանում դեղի երկարատև կիրառումից, քանի որ նրանց մաշկն ավելի նուրբ է, քան մեծահասակների մոտ, ինչը կարող է մեծացնել ակտիվ նյութի ներծծումը:
    • Երեխաների շրջանում կիրառումը չպետք է գերազանցի 5 օրը:
    • Օկլյուզիվ վիրակապերի և բինտերի կիրառումը խորհուրդ չի տրվում այն մասերում, որտեղ քսված է նրբաքսուք:

     

    Այլ դեղերը և Կլոբետազոլը

    Տեղեկացրեք Ձեր բժշկին կամ դեղագետին, եթե ընդունում եք, վերջերս ընդունել եք կամ պատրաստվում եք ընդունել ցանկացած այլ դեղ, հատկապես՝ ռիտոնավիր և իտրակոնազոլ:

     

    Կիրառումը հղիության և կրծքով կերակրման շրջանում

    Եթե Դուք հղի եք կամ կերակրում եք կրծքով, մտածում եք, որ կարող եք հղի լինել կամ պլանավորում եք հղիություն, խորհրդակցեք Ձեր բժշկի կամ դեղագետի հետ նախքան այս դեղը կիրառելը:

    Եթե Դուք օգտագործում եք այս դեղը կրծքով կերակրման շրջանում՝ մի՛ քսեք նրբաքսուքը կրծքի շրջանում, որպեսզի Կլոբետազոլը պատահաբար չդիպչի երեխայի բերանին:

     

    Կարևոր տեղեկատվություն Կլոբետազոլի բաղադրության մեջ առկա բաղադրիչների մասին

    Դեղը պարունակում է.

    • Ցետոստեարիլ սպիրտ, որը կարող է առաջացնել տեղային մաշկային ռեակցիաներ (օրինակ՝ կոնտակտային դերմատիտ)
    • Պրոպիլենգլիկոլ, որը կարող է առաջացնել մաշկի գրգռում
    • Մեթիլպարաբեն, որը կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիաներ (հնարավոր է՝ ուշացած) և խիստ հազվադեպ՝ բրոնխոսպազմ
    • Պրոպիլպարաբեն, որը կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիաներ (հնարավոր է՝ ուշացած) և խիստ հազվադեպ՝ բրոնխոսպազմ
     
    Ինչպես օգտագործել Կլոբետազոլ դեղը

    Կլոբետազոլը պետք է օգտագործել ճիշտ այնպես, ինչպես նշանակված է բժշկի կողմից: Եթե Դուք ունեք ինչ-որ կասկածներ՝ խորհրդակցեք Ձեր բժշկի կամ դեղագետի հետ:

     

    Կլոբետազոլի կիրառման եղանակը

    • Սովորաբար Կլոբետազոլը քսում են բարակ շերտով օրական 1-2 անգամ: Կիրառման հաճախականությունը կարող է նվազել մաշկի վիճակի բարելավման դեպքում: Անհրաժեշտության դեպքում Ձեր բժիշկը կարող է նշանակել ավելի թույլ դեղ Կլոբետազոլի դեպքում:
    • Եթե Դուք պլանավորում եք կիրառել փափկացնող միջոց՝ նախապես քսեք Կլոբետազոլ և թույլ տվեք, որ այն ներծծվի, և միայն դրանից հետո քսեք փափկացնող միջոցը:
    • Այս նրբաքսուքը նախատեսված է միայն մաշկին քսելու համար:
    • Մի՛ օգտագործեք Կլոբետազոլը 4 շաբաթվանից ավելի երկար առանց բժշկի խորհրդատվության: Եթե Դուք ունեք երկարատև բուժման կարիք՝ Ձեր բժիշկը կարող է նշանակել ավելի թույլ ստերոիդային նրբաքսուք կամ քսուք:
    • Եթե մաշկի վիճակը 2-4 շաբաթվա ընթացքում չի բարելավվում՝ դիմեք Ձեր բժշկին:
    • Ախտածին միկրոօրգանիզմները կարող են նպաստել վարակի զարգացմանը տաք և խոնավ պայմաններում՝ օկլյուզիվ վիրակապերի տակ: Մշտապես լվացեք մաշկը նոր վիրակապ դնելիս՝ մաշկային վարակների կանխարգելման նպատակով:
    • Եթե քսում եք նրբաքսուքը ուրիշ մեկի մաշկին՝ նախքան քսելն ինչպես հարկն է լվացեք ձեռքերը կամ աշխատեք միանգամյա օգտագործման ձեռնոցներով:

     

    Ինչպես օգտագործել Կլոբետազոլ նրբաքսուքը
    1. Լվացեք ձեռքերը
    2. Քսեք նրբաքսուքը բարակ շերտով մաշկի ախտահարված մասերին, թեթևակի մերսեք մաշկի մեջ մինչև լրիվ ներծծումը: Դուք կարող եք դեղաչափել Կլոբետազոլը մատների ծայրին քսելով: Դեղաչափման համար երեխաները պետք է օգտագործել ավելի քիչ նրբաքսուք, բայց ամեն դեպքում օգտագործեք մեծահասակի մատը, որպես դեղաչափման միավոր:
    3. Նրբաքսուքը քսելուց հետո մանրակրկտորեն լվացեք ձեռքերը բացի այն դեպքերի, երբ ախտահարված են ձեռքերի մաշկային ծածկույթները և հանդիսանում են նրբաքսուքի քսելու հատված:

     

    Համապատասխան դեղաչափերի համար տե՛ս դեղի ներդիր-թերթիկը:

     

    • Չի կարելի օգտագործել 1 տարեկանից փոքր երեխաների շրջանում
    • Հատկապես երեխաների շրջանում կարևոր է չգերազանցել նշանակված դեղաչափը:
    • Բուժման կուրսը չպետք է գերազանցի 5 օրը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ Ձեր բժիշկը նշանակել է բուժման ավելի երկարատև կուրս: Ձեր բժիշկը կարող է ամեն շաբաթ նշանակել խորհրդատվություն Ձեր երեխային:
    • Օկլյուզիվ վիրակապերի կամ բինտերի կիրառումը այն հատվածներում, որտեղ քսված է նրբաքսուքը երեխաների շրջանում խորհուրդ չի տրվում:

     

    Եթե Դուք ունեք փսորիազ

    Եթե Դուք ունեք փսորիատիկ բշտիկներ արմունկներին կամ ծնկներին՝ Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ նրբաքսուքը քսել օկլյուզիվ վիրակապի տակ: Սակայն դա խորհուրդ է տրվում, եթե նրբաքսուքն օգտագործում են գիշերը՝ ազդեցության ուժեղացման համար: Կարճ ժամանակ անց անհրաժեշտ է վերադառնալ նրբաքսուքի օգտագործման սովորական ռեժիմին:

     

    Եթե Դուք օգտագործում եք Կլոբետազոլ դեղը դեմքի մաշկային ծածկույթի վրա

    Դուք կարող եք քսել նրբաքսուքը դեմքին միայն բժշկի խորհրդով: Խորհուրդ չի տրվում օգտագործել 5 օրից ավելի, քանի որ դեղի երկարատև կիրառումը կարող է հանգեցնել մաշկի բարակելուն: Վիրակապերը և բինտերը խորհուրդ չի տրվում օգտագործել դեմքի վրա այն հատվածներում, որտեղ քսվել է նրբաքսուք:

    Խուսափեք Կլոբետազոլ դեղի շփումից աչքերի հետ

    Եթե դա տեղի է ունեցել՝ լվացեք աչքերը առատ ջրով:

     

    Եթե գերազանցել եք դեղաչափը՝ օգտագործել եք ավելի շատ նրբաքսուք, քան թույլատրելի է

    Եթե Դուք օգտագործել եք չափից շատ նրբաքսուք կամ պատահաբար կուլ եք տվել՝ անհապաղ դիմեք բժշկին կամ մոտակա հիվանդանոցի շտապ օգնության բաժանմունք:

     

    Եթե մոռացել եք քսել Կլոբետազոլ դեղը

    Եթե մոռացել եք քսել դեղի հերթական դեղաչափը՝ քսեք այն հիշելուն պես: Եթե արդեն հերթական օգտագործման ժամն է՝ սպասեք այդ ժամանակին և դրանից հետո օգտագործեք դեղը: Մի՛ օգտագործեք հավելյալ դեղաչափ բաց թողնվածը լրացնելու համար:

     

    Եթե Դուք դադարեցնում եք Կլոբետազոլ դեղի օգտագործումը

    Եթե Դուք կանոնավոր կերպով օգտագործում եք Կլոբետազոլ և ցանկանում եք դադարեցնել դրա կիրառումը՝ Դուք պետք է խորհրդակցեք Ձեր բժշկի հետ նախքան դա անելը, քանի որ Ձեր վիճակը կարող է կտրուկ վատանալ դեղի կիրառման կտրուկ դադարեցման դեպքում:

    Ինչպիսի կողմնակի ազդեցություններ կարող են առաջանալ

    Ինչպես և այլ դեղերը՝ Կլոբետազոլը կարող է առաջացնել կողմնակի ազդեցություններ, սակայն դրանք դրսևորվում են ոչ բոլորի մոտ:

    Դադարեցրեք Կլոբետազոլի օգտագործումը և անհապաղ տեղեկացրեք Ձեր բժշկին, եթե.

    • Նկատում եք, որ Ձեր մաշկի վիճակը վատանում է, Ձեզ մոտ զարգանում է տարածուն ցան կամ Ձեր մաշկն այտուցվում է բուժման ընթացքում: Հնարավոր է, որ Դուք ունեք ալերգիա Կլոբետազոլի նկատմամբ և կա վարակ կամ անհրաժեշտ է այլ բուժում:
    • Ունեք փսորիազ և մաշկի տակ առկա են թարախով լցված բշտիկներ: Դա կարող է դիտվել շատ հազվադեպ բուժման ժամանակ կամ դրանից հետո և հայտնի է որպես պուստուլյոզ փսորիազ:

     

    Այլ կողմնակի ազդեցություններ

    Ընդհանուր (1/10)

    • Այրոցի զգացում, ցավ, գրգռվածություն կամ քոր նրբաքսուքի կիրառման տեղում

     

    Հազվադեպ (1/100)

    • Մաշկի բարակում, ինչը կարող է ստրիաների առաջացման պատճառ դառնալ
    • Մաշկի մակերեսային արյունատար անոթոները կարող են դառնալ ավելի նկատելի

     

    Շատ հազվադեպ (1/10000)

    Դեղի երկարատև օգտագործումը կամ օկլյուզիվ վիրակապերի տակ կիրառումը կարող են հանգեցնել հետևյալ ախտանիշներին

    • Մարմնի զանգվածի մեծացում
    • Դեմքի կլորացում
    • Ճարպակալում
    • Դեմքի հյուծվածություն
    • Մաշկի կնճռոտում
    • Մաշկի չորություն
    • Մաշկի գույնի փոփոխություն
    • Մարմնի վրա մազերի քանակության մեծացում
    • Մազաթափություն, աճի կանգնում, մազերի վնասում

     

    Այլ շատ հազվադեպ մաշկային ռեակցիաներ.

    • ալերգիկ ռեակցիաներ օգտագործման տեղում
    • վիճակի վատացում
    • գրգռվածություն և ցավ կիրառման տեղում
    • կարմրություն
    • ցան կամ եղնջացան
    • եթե ունեք փսորիազ՝ Ձեր մաշկի տակ կարող են լինել թարախային բշտիկներ: Դա կարող է արտահայտվել բուժման ժամանակ կամ բուժումից հետո և հայտնի է որպես պուստուլյոզ փսորիազ
    • մաշկային վարակներ
    • ակնե

    Երեխաների մոտ ուշադրություն դարձրեք հետևյալ ախտանիշներին.

    • քաշի ավելացման դանդաղեցում
    • աճի դանդաղեցում

     

    Շատ հազվադեպ կողմնակի ազդեցություններ, որոնք կարող են ի հայտ գալ արյան հետազոտության կամ բժշկի զննման արդյունքում

    • Արյան մեջ կորտիզոլ հորմոնի ցածր մակարդակ
    • Արյան կամ մեզի մեջ շաքարի մակարդակի բարձրացում
    • Բարձր զարկերակային ճնշում
    • Ներակնային ճնշման բարձրացում (գլաուկոմա)
    • Ոսկորների թուլացում հանքային աղերի աստիճանաբար կորստի պատճառով (օստեոպորոզ): Պլանային բժշկական հետազոտությունից հետո կարող են անհրաժեշտ լինել լրացուցիչ թեստեր այս վիճակը հաստատելու համար:

     

    Ինչպես պահել Կլոբետազոլ դեղը
    • Դեղը պահեք երեխաների համար անհասաանելի, զով, խոնավությունից և լույսից պաշտպանված վայրում:
    • Դեղի պիտանիության ժամկետը 3 տարի է: Մի՛ օգտագործեք դեղը տուփի և բլիստերի վրա նշված պիտանիության ժամկետի ավարտից հետո: Պիտանիության ժամկետն ավարտվում է նշված ամսվա վերջին օրը: Պիտանիության ժամկետը բացելուց հետո՝ 6 ամիս:
    • Դեղերը չի կարելի նետել կոյուղի կամ կենցաղային թափոնների մեջ: Չօգտագործված դեղերի հետ վարվելու մասին հարցրեք դեղագետին: Այս միջոցառումներն ուղղված են շրջակա միջավայրի պահպանությանը:

     

    Ինչ է պարունակում Կլոբետազոլ դեղի փաթեթը և այլ տեղեկություն

    Ինչ է պարունակում Կլոբետազոլ դեղը

    Կլոբետազոլ 0.05% նրբաքսուք դեղի յուրաքանչյուր գրամը պարունակում է.

    ակտիվ բաղադրատարր՝  կլոբետազոլի պրոպիոնատ՝ 0.5 մգ

    օժանդակ նյութեր՝ ցետեարետ-12, ցետեարետ-20, ցետոստեարիլ սպիրտ, հեղուկ պարաֆին, պրոպիլենգլիկոլ, դիմետիկոն, մեթիլպարաբեն, պրոպիլպարաբեն, էթիլ սպիրտ, մաքրված ջուր:

     

    Ինչ տեսք ունի Կլոբետազոլ դեղը և ինչ է պարունակում փաթեթը

    Սպիտակ, անհոտ նրբաքսուք

     

    Փաթեթի նկարագրությունը

    0.05 % նրբաքսուք արտաքին օգտագործման համար՝ լցված 15 գ տարողությամբ ալյումինե պարկուճում, որը ներդիր-թերթիկի հետ տեղադրված է ստվարաթղթե տուփի մեջ:

     

    Դեղատնից բաց թողնելու կարգ

    Դեղատոմսով