icon-menu
icon-menu

Արտադրանքներ

    Կլոնազեպամ, 2մգ դեղահատեր

    ԴեղաձեվըԴեղահատեր

    ATC խումբՆյարդաբանություն: Հոգեբանություն

    ATC ենթախումբՀակաէպիլեպսային դեղեր

    Դեղի առևտրային անվանումըԿլոնազեպամ

    Դեղի միջազգային անվանումըԿլոնազեպամ (Clonazepam)

    Ինչ է Կլոնազեպամ դեղը և ինչի համար է այն կիրառվում

    Կլոնազեպամ դեղի ակտիվ նյութը կլոնազեպամն է:

    Այն պատկանում է բենզոդիազեպիններ կոչվող դեղերի խմբին:

    Կլոնազեպամը կիրառվում է էպիլեպսիայի բուժման համար՝ նորածին և ավելի մեծ տարիքի երեխաների և մեծահասակների շրջանում:

    Կլոնազեպամը նվազեցնում է նոպաների առաջացման հաճախականությունը և ծանրությունը:

     

    Ինչ պետք է իմանալ Կլոնազեպամ դեղն ընդունելուց առաջ

    Մի՛ ընդունեք Կլոնազեպամ դեղը և տեղեկացրեք բուժող բժշկին, եթե.

    • ունեք շնչառական խնդիրներ կամ թոքային հիվանդություններ,
    • ունեք արտահայտված լյարդային անբավարարություն,
    • ունեք միասթենիա (մկանային թուլություն և մկանների գերհոգնածություն),
    • ունեք քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշ (շնչառական կանգ քնի ընթացքում)
    • Չարաշահում եք ալկոհոլը կամ ընդունում եք հոգեակտիվ դեղեր:

     

    Եթե ունեք նշված խնդիրներից որևէ մեկը՝ խորհրդակցեք Ձեր բժշկի հետ նախքան Կլոնազեպամ դեղն ընդունելը:

     

    Կիրառման հատուկ հրահանգներ և նախազգուշացումներ

    Հակաէպիլեպտիկ դեղերով բուժման ընթացքում, ինչպիսին է Կլոնազեպամը, որոշ մարդկանց մոտ ի հայտ են գալիս իրենց վնասելու կամ ինքնասպանության մտքեր: Եթե Ձեզ մոտ առաջացել է նմանատիպ վիճակ՝ անհապաղ տեղեկացրեք այդ մասին Ձեր բժշկին:

     

    Նախքան Կլոնազեպամ դեղն ընդունելը խորհրդակցեք Ձեր բժշկի կամ դեղագետի հետ, եթե.

    • ունեք երիկամային, լյարդային անբավարարություն կամ թոքերի ֆունկցիայի խանգարում,
    • երբևէ ունեցել եք ինքնասպանության մասին մտքեր,
    • վերջերս կորցրել եք մոտ մարդու,
    • կանոնավոր կերպով ընդունում եք ալկոհոլ, հոգեակտիվ դեղեր կամ չարահել եք դրանց կիրառումն անցյալում,
    • ունեք ողնուղեղային կամ ուղեղիկային ատաքսիա (շարժումները դառնում են ոչ հստակ, խախտվում է հավասարակշռությունը կանգնած վիճակում, խոսքը դառնում է ոչ հստակ, քնի ընթացքում նկատվում են աչքերի արագ շարժումներ),
    • ունեք արյան հազվադեպ գենետիկական հիվանդություն՝ պորֆիրիա,
    • տարեց կամ հյուծված եք, այդ դեպքում Ձեր բժիշկը պետք է շտկի Կլոնազեպամի դեղաչափը:

     

    Եթե ունեք նշված խնդիրներից որևէ մեկը՝ խորհրդակցեք Ձեր բժշկի հետ նախքան Կլոնազեպամ դեղն ընդունելը:

     

    Դեղորայքային փոխազդեցություններ

    Տեղեկացրեք Ձեր բժշկին կամ դեղագետին, եթե ընդունում եք, վերջերս ընդունել եք կամ պատրաստվում եք ընդունել ցանկացած այլ դեղ, այդ թվում՝ առանց դեղատոմսի բաց թողնվող և բուսական դեղերը: Կլոնազեպամը կարող է ազդել որոշ դեղերի թողած ազդեցության վրա և հակառակը:

    Կարևոր է նշել հետևյալ դեղերը.

    • Էպիլեպսիայի բուժման համար այլ դեղեր, օրինակ՝ կարբամազեպին, հիդանտոին, ֆենոբարբիտալ, ֆենիտոին, պրիմիդոն կամ նատրիումի վալպրոատ
    • Ցիմետիդին (կիրառվում է ստամոքսի ֆունկցիայի խանգարումների և այրոցի ժամանակ)
    • Ռիֆամպիցին (հակաբիոտիկ, կիրառվում է վարակների բուժման համար)
    • Քնաբեր դեղեր
    • Տագնապի ժամանակ կիրառվող դեղեր (տրանկվիլիզատորներ)
    • Ցավազրկողներ և մկանային լարվածությունն իջեցնող դեղեր

     

    Վիրահատկաան միջամտություն

    Եթե Դուք պատրատվում եք ենթարկվել վիրահատության կամ ստոմատոլոգիական միջամտության, որն ուղեկցվելու է ցավազրկումով՝ տեղեկացրեք Ձեր բժշկին կամ ատամնաբույժին, որ ընդունում եք Կլոնազեպամ:

    Կլոնազեպամը և ալկոհոլը

    Կլոնազեպամ ընդունելու ընթացքում խուսափեք ալկոհոլի օգտագործումից, քանի որ դա կարող է դառնալ կողմնակի ազդեցությունների զարգացման կամ էպիլեպսիայի նոպաների ռեցիդիվի պատճառ:

     

    Կիրառումը հղիության և կրծքով կերակրման շրջանում

    Խորհուրդ չի տրվում ընդունել Կլոնազեպամ, եթե Դուք հղի եք, մտածում եք, որ կարող եք հղի լինել կամ կրծքով կերակրման ընթացքում՝ բացի այն դեպքերից, երբ դեղը նշանակված է բժշկի կողմից: Կլոնազեպամն ունի բացասական ազդեցություն պտղի զարգացման վրա:

     

    Ազդեցությունը ուշադրություն պահանջող գործողությունների վրա (փոխադրամիջոցների վարում, սարքավորումների հետ աշխատանք)

    Նախքան Կլոնազեպամ դեղն ընդունելը խորհրդակցեք Ձեր բժշկի հետ փոխադրամիջոցների վարման և սարքավորումների հետ աշխատելու վերաբերյալ, քանի որ Կլոնազեպամը դանդաղեցնում է Ձեր ռեակցիայի արագությունը, հատկապես՝ բուժման սկզբում: Եթե Դուք ունեք կասկածներ որոշ գործողություններ կատարելու ունակության վերաբերյալ՝ դիմեք բուժող բժշկին: Կլոնազեպամն ազդում է փոխադրամիջոցներ վարելու ունակության վրա, քանի որ կարող է առաջացնել քնկոտություն և գլխապտույտ:

    • Այս դեղի կիրառման շրջանում մի՛ վարեք փոխադրամիջոցներ մինչև պարզելը, թե ինչպես է այն Ձեզ վրա ազդում:
    • Եթե Ձեզ հայտնի է, որ այս դեղն ազդում է փոխադրամիջոցներ վարելու ունակության վրա՝ դեղն ընդունելու ընթացքում մեքենա վարելը համարվում է օրենքի խախտում:
    • Դուք չեք ենթարկվի պատասխանատվության, եթե.
    • Կլոնազեպամը նշանակված է բժշկական և ստոմատոլոգիական խնդիրների բուժման համար,
    • ընդունել եք Կլոնազեպամ դեղը բժշկի նշանակմանը համապատասխան կամ համաձայն դեղի ներդիր-թերթիկում բերված տեղեկատվության,
    • Կլոնազեպամը չի ազդում փոխադրամիջոցների անվտանգ վարման ունակության վրա,
    • Եթե ունեք կասկածներ կապված Կլոնազեպամ դեղի ընդունման ընթացքում փոխադրամիջոցների անվտանգ վարման հետ՝ դիմեք Ձեր բժշկին:

     

    Կախվածության առաջացում

    Կլոնազեպամի ընդունման ժամանակ կա կախվածության առաջացման ռիսկ, որն աճում է դեղաչափի բարձրացման կամ տևական բուժման դեպքում այն պացիենտների մոտ, որոնց անամնեզում կա ալկոհոլի և/կամ թմրանյութերի չարաշահման պատմություն:

     

    Կարևոր տեղեկություն Կլոնազեպամի կազմում առկա բաղադրիչների մասին

    Կլոնազեպամ դեղահատերը պարունակում են լակտոզա:

    Եթե Ձեր բժիշկը զգուշացրել , որ Դուք ունեք շաքարի որոշ տեսակների անտանելիություն՝ խորհրդակցեք Ձեր բժշկի հետ նախքան Կլոնազեպամ դեղն ընդունելը

     

    Ինչպես ընդունել Կլոնազեպամ դեղը

    Կլոնազեպամ դեղն անհրաժեշտ է օգտագործել բժշկի նշանակմանը համապատասխան: Եթե համոզված չեք, թե ինչպես պետք է դեղն ընդունել, դիմեք բժշկի:

    • Կլոնազեպամ դեղի ընդունումը պետք է սկսել ցածր դեղաչափից և աստիճանաբար բարձրացնել այն 2-4 շաբաթվա ընթացքում՝ մինչև հիվանդի պահանջներին համապատասխան օպտիմալ պահպանողական դեղաչափին հասնելը:
    • Սովորաբար, բժշկի խորհրդի համաձայն, օրական դեղաչափը բաժանվում է 3 ընդունումների միջև՝ յուրաքանչյուր ընդունման ժամանակ հավասար դեղաչափերով և ընդունումների միջև հավասար միջակայքով:
    • Եթե օրական դեղաչափը հնարավոր չէ հավասար բաժանել մի քանի ընդունումների միջև՝ առավելագույն դեղաչափն ընդունեք քնելուց առաջ:
    • Արդյունավետ պահպանողական դեղաչափին հասնելուց հետո՝ դեղը կարելի է ընդունել միանվագ՝ քնելուց առաջ:

    Մեծահասակներ և 12 տարեկանը լրացած երեխաներ

    • Սովորաբար սկզբնական դեղաչափը կազում է օրական 1 մգ կամ ավելի քիչ
    • Այնուհետև դեղաչափն աստիճանաբար բարձրացվում է (սովորաբար մինչև օրական 4-8 մգ): Առավելագույն օրական դեղաչափը չպետք է գերազանցի 20 մգը:

    Տարեցներ

    • Սովորաբար սկզբնական դեղաչափը կազմում է օրական 0.5 մգ կամ ավելի քիչ:
    • Այնուհետև դեղաչափն աստիճանաբար բարձրացվում է (սովորաբար մինչև օրական 4-8 մգ): Առավելագույն օրական դեղաչափը չպետք է գերազանցի 20 մգը:

    Մինչև 1 տարեկան երեխաներ

    • Սովորաբար սկզբնական դեղաչափը կազմում է օրական 0.25 մգ կամ ավելի քիչ
    • Այնուհետև դեղաչափն աստիճանաբար բարձրացվում է (սովորաբար մինչև օրական 0.5-1 մգ)

    1-5 տարեկան երեխաներ

    • Սովորաբար սկզբնական դեղաչափը կազմում է օրական 0.25 մգ կամ ավելի քիչ
    • Այնուհետև դեղաչափն աստիճանաբար բարձրացվում է (սովորաբար մինչև օրական 1-3 մգ)

    5-12 տարեկան երեխաներ

    • Սովորաբար, սկզբնական դեղաչափը կազմում է օրական 0.5 մգ կամ ավելի քիչ
    • Այնուհետև դեղաչափն աստիճանաբար բարձրացվում է (սովորաբար մինչև օրական 3-6 մգ)

     

    Եթե գերազանցել եք դեղաչափը՝ ավելի շատ դեղահատ եք ընդունել, քան թույլատրելի է

    • Եթե ընդունել եք ավելի շատ Կլոնազեպամ, քան նշանակված է՝ անհապաղ դիմեք բժշկին կամ մոտակա հիվանդանոց: Ձեզ հետ վերցրեք դեղի փաթեթը:
    • Եթե Դուք ընդունել եք մեծ քանակությամբ Կլոնազեպամ՝ Ձեզ մոտ կարող է դիտվել թուլություն, քնկոտություն, գլխապտույտ, հավասարակշռության խախտում և օրգանիզմի ռեակցիայի նվազեցում:

     

    Եթե դուք մոռացել եք ընդունել Կլոնազեպամ դեղը

    • Եթե մոռացել եք ընդունել Կլոնազեպամ դեղը՝ մի՛ ընդունեք բաց թողնված դեղաչափը և ընդունեք հաջորդը նախատեսված ժամին
    • Մի՛ ընդունեք կրկնակի դեղաչափ՝ բաց թողնածը լրացնելու համար:

    Կլոնազեպամ դեղի կիրառման դադարեցումը

    Կլոնազեպամ դեղի երկարատև ընդունման դեպքում Ձեզ մոտ կարող է զարգանալ կախվածություն, իսկ դրա կիրառման դադարեցման դեպքում՝ աբստինենտ համախտանիշ:

    • Դուք պետք է խորհրդակցեք Ձեր բժշկի հետ նախքան Կլոնազեպամ դեղի կիրառումը դադարեցնելը, քանի որ կտրուկ դադարեցման դեպքում հնարավոր է էպիլեպսիայի նոպաների ռեցիդիվ և հանման համախտանիշի զարգացում:
    • Եթե կա դեղաչափի նվազեցման կամ դեղի կիրառման դադարեցման անհրաժեշտություն՝ պետք է անել դա աստիճանաբար: Ձեր բժիշկը կտեղեկացնի, թե ինչպես դա իրականացնել:

    Եթե ուրիշ մեկը սխալմամբ ընդունել է Կլոնազեպամ՝ պետք է անհապաղ դիմել բժշկին կամ մոտակա հիվանդանոց:

    Եթե ունեք լրացուցիչ հարցեր դեղի ընդունման վերաբերյալ՝ դիմեք բուժող բժշկին կամ դեղագետին:

     

    Ինչպիսի կողմնակի ազդեցություններ կարող են առաջանալ

    Ինչպես բոլոր դեղերը, Կլոնազեպամ դեղը նույնպես կարող է առաջացնել կողմնակի

    ազդեցություններ, թեև ոչ բոլոր պացիենտների մոտ դրանք կարող են դրսևորվել:

     

    Կարևոր կողմնակի ազդեցություններ.

    Ալերգիկ ռեակցիաներ.

    Եթե Ձեզ մոտ զարգանում է ալերգիկ ռեակցիա՝ անհապաղ դիմեք բժշկին:

    Ալերգիկ ռեակցիաները կարող են արտահայտվել հետևյալ ախտանիշների ձևով.

    • Կոկորդի, դեմքի, շրթունքների, բերանի խոռոչի արագ զարգացող այտուց: Դա կարող է բերել շնչառական և կլման դժվարությունների
    • Ձեռքերի, ոտքերի և կոճերի արագ զարգացող այտուց
    • Մաշկային ցան կամ քոր

     

    Սիրտ-անոթային համակարգ

    Եթե Ձեզ մոտ ի հայտ են եկել այս ախտանիշներից որոշները՝ պետք է անհապաղ դիմել բժշկին:

    • Հևոց, կոճերի այտուց, հազ, թուլություն և արագացած սրտխփոց
    • Ցավ կրծքավանդակում, որը կարող է ճառագայթել դեպի պարանոց, ուս և ձախ ձեռք:

     

    Նյարդային համակարգի կողմից

    Եթե Ձեզ մոտ ի հայտ են եկել այս ախտանիշներից որոշները՝ խորհրդակցեք բժշկի հետ:

    • Ագրեսիվություն, գրգռվածություն, դյուրագրգիռ, նյարդային վիճակ, անհանգստություն, տագնապի և թշնամանքի զգացում
    • Քնի խանգարում, գիշերային մղձավանջներ, վառ երազներ
    • Տեսիլքներ, մոլուցք և խոսքի խանգարում
    • Նախկինում չդիտված նոր տեսակի ցնցումներ

     

    Երեխաներ և նորածիններ

    • Պետք է հատուկ վերահսկում իրականացնել երեխաների և նորածինների շրջանում Կլոնազեպամի կիրառման դեպքում, քանի որ այն կարող է հանգեցնել շնչուղիների ֆունկցիայի խանգարման, հազի և շնչահեղձության: Դա կարող է լինել թքի գերարտադրության հետևանք:
    • Հնարավոր է վաղ սեռահասունացում: Կլոնազեպամ դեղի կիրառման դադարեցումից հետո այս գործընթացը դադարում է:

     

    Այլ հնարավոր կողմնակի ազդեցություններ

    Կլոնազեպամի ընդունումը կարող է հանգեցնել հետևյալ ախտանիշների.

    • Քնկոտություն և թուլություն
    • Գլխապտույտ և գերհոգնածություն
    • Մկանային թուլություն կամ ճկունություն, ջղաձիգ շարժումներ (շարժումների վատ կոորդինացիա)
    • Անկայունություն քայլելիս

    Եթե Ձեզ մոտ նկատվում է նշված ախտանիշներից որևէ մեկը՝ տեղեկացրեք այդ մասին Ձեր բժշկին: Անհրաժեշտության դեպքում նա կնշանակի Ձեզ ցածր դեղաչափ՝ աստիճանաբար բարձրացնելով այն:

     

    Հետևյալ ախտանիշները կարող են ի հայտ գալ Կլոնազեպամով բուժման ցանկացած փուլում

    Մտավոր աշխատանք և նյարդային համակարգ

    • Կենտրոնացման խանգարում, շփոթոմունք, դեզօրիենտացիա
    • Անհանգստություն
    • Նոր բաներ հիշելու դժվարություն
    • Գլխացավ
    • Դեպրեսիա
    • Դանդաղ կամ ընդհատվող խոսք
    • Շարժումների վատ կոորդինացիա, այդ թվում՝ անկայունություն քայլելիս
    • Էպիլեպսիայի նոպաների հաճախականության մեծացում

     

    Արյունատար, երիկամային և լյարդային համակարգ

    • Լյարդի ֆունկցիայի խանգարում (ախտորոշվում է լյարդի լաբորատոր հետազոտությամբ)
    • Անվերահսկելի միզարձակում
    • Արյունատար համակարգի խնդիրներ: Ախտանիշները ներառում են հոգնածությունը, աննշան հպումից առաջացող կապտուկները, շնչառությունը չհերիքելը և քթային արյունահոսությունը:

    Անհրաժեշտության դեպքում Ձեր բժիշկը պետք է պարբերաբար անցկացնի արյան հետազոտություն

     

    Ստամոքս-աղիքային համակարգ

    • Սրտխառնոց
    • Ստամոքսի խանգարում

     

    Տեսողական օրգաններ

    • Երկտեսություն
    • Նիստագմ

     

    Շնչառական համակարգ

    • Շնչառական անբավարարություն (շնչառության ընկճում): Առաջին ախտանիշներն են՝ աղմկոտ, դժվարացած և ոչ հավասարաչափ շնչառությունը: Հնարավոր է մաշկի կապտություն:

     

    Մաշկ և մազեր

    • Մաշկային ցան, եղնջացան և մաշկային քոր
    • Մաշկի գույնի փոփոխություն
    • Մազաթափություն

     

    Սեռական համակարգ

    • Լիբիդոյի նվազում
    • Էրեկտիլ դիսֆունկցիա

     

    Հանման համախտանիշ

    Բենզոդիազեպինների ընդունման ժամանակ, ինչպսին է կլոնազեպամը, կարող է զարգանալ կախվածություն դեղի նկատմամբ: Այդ պատճառով դեղի կիրառման կտրուկ դադարեցման կամ դեղաչափի նվազեցման դեպքում կարող է զարգանալ հանման համախտանիշ, որը կարող է արտահայտվել հետևյալ ախտանիշներով.

    • Քնի խանգարում
    • Մկանային ցավեր, տրեմոր և անհանգստություն
    • Տագնապային վիճակ, լարվածություն, դյուրագրգիռ կամ անհանգիստ վիճակ կամ տրամադրության փոփոխություն
    • Գերքրտնարտադրություն
    • Գլխացավ

    Հետևյալ ախտանիշները դիտվում են ավելի հազվադեպ

    • Գերզգայունություն լույսի, աղմուկի և ֆիզիկական շփման նկատմամբ
    • Տեսիլքներ
    • Ձեռքերի և ոտքերի ծակոցներ և թմրածություն
    • Իրականության հետ կապը կորցնելու զգացում

     

    Վնասվածքների ստացում

    Բենզոդիազեպիններ ընդունող պացիենտների, հատկապես՝ տարեցների և հանգստացնող դեղեր, այդ թվում՝ ալկոհոլ ընդունող պացիենտների մոտ ընկնելու կամ կոտրվածքներ ստանալու հավանականությունն ավելի մեծ է:

     

    Ինչպես պահել Կլոնազեպամ դեղը
    • Դեղը պահեք երեխաների համար անհասանելի, չոր, լույսից պաշտպանված վայրում՝ 25°С-ից ոչ բարձր ջերմաստիճանի պայմաններում:
    • Դեղի պիտանիության ժամկետը 3 տարի է: Մի՛ օգտագործեք դեղը տուփի և բլիստերի վրա նշված պիտանիության ժամկետի ավարտից հետո: Պիտանիության ժամկետն ավարտվում է նշված ամսվա վերջին օրը:
    • Չի կարելի դեն նետել մնացած դեղահատերը: Հարցրեք բժշկին կամ դեղագետին, թե ինչ անել դրանց հետ, եթե դրանք Ձեզ այլևս պետք չեն գալու: Պահեք դեղը Ձեզ մոտ, եթե դա խորհուրդ է տվել Ձեր բժիշկը:
    • Եթե դեղահատերը փոխել են իրենց գույնը կամ ցուցաբերում են վատորակության այլ նշաններ՝ հարցրեք դեղագետին, թե ինչ անել դրանց հետ:

     

    Ինչ է պարունակում Կլոնազեպամ դեղի փաթեթը և այլ տեղեկություն

    Ինչ է պարունակում Կլոնազեպամ դեղը

    Կլոնազեպամ 2 մգ դեղի յուրաքանչյուր դեղահատ պարունակում է.

    ակտիվ բաղադրատարր՝  կլոնազեպամ- 2 մգ,

    օժանդակ նյութեր՝ միկրոբյուրեղային ցելյուլոզ, լակտոզա մոնոհիդրատ, եգիպտացորենի օսլա, պովիդոն, նատրիումի օսլայի գլիկոլատ, մագնեզիումի ստեարատ, մաքրված տալկ:

     

    Ինչ տեսք ունեն Կլոնազեպամ դեղի դեղահատերը և ինչ է պարունակում փաթեթը

    Կլոր, տափակ, մեկ կողմից ակոսիկով սպիտակ գույնի դեղահատեր:

     

    Ստվարաթղթե տուփ, որը պարունակում է 24 դեղահատ (1 բլիստերում՝ 24 դեղահատ)՝ ներդիր-թերթիկի հետ միասին:

     

    Դեղատնից բաց թողնելու կարգ

    Դեղատոմսով