icon-menu
icon-menu

Արտադրանքներ

    Դիազեպամ, 10 մգ դեղահատեր

    ԴեղաձեվըԴեղահատեր

    ATC խումբՆյարդաբանություն: Հոգեբանություն

    ATC ենթախումբԱնքսիոլիտիկներ

    Դեղի առևտրային անվանումըԴիազեպամ

    Դեղի միջազգային անվանումըԴիազեպամ (Diazepam)

    Ինչ է դիազեպամ դեղը և ինչի համար է այն կիրառվում

    Դիազեպամը պատկանում է բենզոդիազեպիններ կոչվող դեղերի խմբին: Այն կիրառվում է անհանգիստ վիճակների, մկանային կծկանքի (սպազմ) և ջղածկումների (ցնցումներ) բուժման համար:

     

    Դիազեպամը կիրառվում է հետևյալ դեպքերում.

    Չափահասներ

    • Քրտնարտադրությամբ, դողով, տագնապի զգացողությամբ, սրտի զարկերի հաճախացմամբ, ինչպես նաև անքնությամբ (քնի խանգարմամբ) կամ հոգեկան խանգարումներով ուղեկցվող և հուզական վիճակ հանդիսացող՝ խիստ արտահայտված անհանգստության կարճատև (միայն 2-4 շաբաթ տևողությամբ) թեթևացման համար:
    • Որպես մկանաապալարիչ՝ մկանային կծկանքի և ուղեղի կաթվածի (գլխուղեղի՝ շարժողական ակտիվության խանգարումներով և մկանային պնդությամբ կամ կարկամությամբ բնորոշվող ախտահարում) դեպքում:
    • Էպիլեպսիայի բուժման համար (այլ դեղերի հետ համակցված կիրառում):
    • Ալկոհոլի հանման ախտանիշներ ունեցող պացիենտների բուժման համար:
    • Ատամնաբուժական միջամտությունների ժամանակ նյարդային պացիենտներին հանգստացնելու համար:

     

    Երեխաներ

    • Ուղեղային սպաստիկության (գլխուղեղը կամ ողնուղեղը ախտահարող հիվանդություններով կամ վնասվածքներով պայմանավորված վիճակ, որն ուղեկցվում է թուլությամբ, շարժումների համակարգման խանգարումներով, մկանային պնդությամբ և կարկամությամբ) արդյունքում առաջացած լարվածությունն ու դյուրագրգռությունը թուլացնելու համար:
    • Տետանուսի արդյունքում առաջացած մկանային ջղաձգումների բուժման համար (այլ դեղերի հետ համակցված կիրառում):

    Վիրահատությունից առաջ դիազեպամը դեղային նախապատրաստման նպատակով կարող է նշանակվել չափահասներին և երեխաներին՝ հանգստացնելու և քնեցնելու համար:

     

    Ինչ պետք է իմանալ դիազեպամ դեղն ընդունելուց առաջ

    Մի՛ օգտագործեք Դիազեպամ դեղը և տեղեկացրեք բուժող բժշկին, եթե՝

    • ունեք ալերգիա (գերզգայնություն) դիազեպամի, բենզոդիազեպինների կամ դեղի ցանկացած այլ բաղադրիչի նկատմամբ (դրանք թվարկված են ստորև՝ «Ինչ է պարունակում դեղի փաթեթը և այլ տեղեկություն» բաժնում),
    • ունեք շնչառական խնդիրներ, որոնք կարող են լինել ծանր, օրինակ՝ դանդաղ և/կամ մակերեսային շնչառություն,
    • ունեք գերակտիվություն կամ դեպրեսիա, որն ուղեկցվում է տագնապով կամ առանց դրա,
    • ունեք վախեր (որոշակի առարկաներից կամ իրավիճակներից) կամ այլ հոգեկան հիվանդություններ,
    • ունեք միասթենիա գրավիս (մկանների արագ թուլացմամբ կամ հոգնածությամբ բնորոշվող վիճակ),
    • ունեք գիշերային ապնոէ (քնի խանգարում, որը բնորոշվում է շնչառության՝ քնի ընթացքում առաջացող կանգերով),
    • ունեք լյարդային ծանր անբավարարություն,
    • ունեք պորֆիրիա (մաշկի վրա բշտիկների առաջացմամբ, որովայնային ցավերով և նյարդային համակարգի ախտահարումներով բնորոշվող ժառանգական խանգարում),
    • հղի եք կամ պլանավորում եք հղիություն (տե ՛ս «Կիրառումը հղիության և կրծքով կերակրման շրջանում» բաժինը):

     

    Նախքան դիազեպամի ընդունումը խորհրդակցեք բուժող բժշկի կամ դեղագետի հետ, եթե՝

    • անամնեզում առկա է ալկոհոլիզմ կամ չարաշահում եք կախյալություն առաջացնող նյութերի կամ դեղերի կիրառումը,
    • ունեք սրտի և թոքերի հետ կապված խնդիրներ կամ երիկամային սուր անբավարարություն,
    • վերջերս ունեցել եք հարազատ մարդու կորուստ,
    • ունեք ալբումինի ցածր մակարդակ արյան մեջ,
    • ունեք անձնային խանգարում,
    • ունեք ուղեղի արյան շրջանառության խանգարում (արտերիոսկլերոզ),
    • ունեք շնչառության դժվարացում,
    • ծխում եք,
    • ունեք դեպրեսիա,
    • ի հայտ են գալիս մտքեր ինքնասպանության վերաբերյալ,
    • անամնեզում առկա են էպիլեպսիա կամ ցնցումներ:
    • Տարեցների մոտ դիազեպամը կարող է առաջացնել շփոթվածություն և մկանների թուլացում, ինչի արդյունքում պացիենտը կարող է վայր ընկնել ու վնասվածքներ ստանալ:

     

    Կիրառման հատուկ հրահանգներ և նախազգուշացումներ
    • Հոգեկան կողմնակի ազդեցություններ

    Խորհրդակցեք բժշկի հետ, եթե ի հայտ են եկել հետևյալ կողմնակի ազդեցությունները՝ դյուրագրգռություն, գերակտիվություն, անհանգստություն, ագրեսիա, մղձավանջներ կամ հալյուցինացիաներ: Նշված ազդեցություններն առավել հաճախ հանդիպում են երեխաների կամ տարեցների շրջանում:

    • Հիշողության մասնակի կամ ամբողջական կորուստ (ամնեզիա)

    Դիազեպամի ընդունման ընթացքում կարող է ի հայտ գալ հիշողության կորուստ: Այն հաճախ առաջանում է բարձր դեղաչափերի ընդունման դեպքում:

    • Կախյալություն

    Դիազեպամի ընդունման դեպքում առկա է կախյալության զարգացման ռիսկ, որը մեծանում է դեղաչափի բարձրացմանը և բուժման տևողության երկարացմանը զուգընթաց: Կախյալության ռիսկն առկա է նաև անամնեզում ալկոհոլիզմ և թմրամոլություն ունեցող պացիենտների շրջանում: Հետևաբար, Դիազեպամ դեղը պետք է կիրառել հնարավորինս կարճատև:

    • Ընտելացում

    Տեղեկացրեք բուժող բժշկին, եթե դեղի ընդունումից մի քանի շաբաթ անց նկատում եք, որ այն չի ազդում այնպես, ինչպես բուժման առաջին շաբաթների ընթացքում:

    • Դեղի հանման համախտանիշ (աբստինենցիա)

    Դիազեպամի ընդունումը պետք է դադարեցնել աստիճանաբար: Դեղի նույնիսկ բուժիչ դեղաչափերի կարճատև կիրառման դեպքում կարող են ի հայտ գալ դեղի հանման ախտանիշներ (տե՛ս «Եթե Դուք դադարեցնում եք Դիազեպամի ընդունումը» բաժինը):

     

    Դիազեպամի և այլ դեղերի միաժամանակյա կիրառում

    Միշտ տեղյակ պահեք բժշկին կամ դեղագետին, եթե ընդունում եք, վերջերս ընդունել եք կամ պատրաստվում եք ընդունել որևէ այլ դեղ` ներառյալ առանց դեղատոմսի ձեռք բերվածները:

    Հատկապես կարևոր է առանձնացնել դիազեպամի և հետևյալ դեղերի միաժամանակյա կիրառումը.

    • hակադեպրեսանտներ (ֆլուվօքսամին, ֆլուօքսետին),
    • նեյրոլեպտիկներ, այդ թվում՝ կլոզապին (կիրառվում են հոգեկան խնդիրների բուժման համար),
    • հակահիստամինային դեղեր (կիրառվում են ալերգիկ ռեակցիաների բուժման համար),
    • ընդհանուր ազդեցությամբ անզգայացնողներ,
    • սեդատիվ (հանգստացնող ազդեցությամբ) դեղեր,
    • քնաբերներ (կիրառվում են քնի որակը բարելավելու նպատակով),
    • էրիթրոմիցին (հակաբիոտիկ),
    • մկանաապալարիչներ (սուքսամեթոնիում, տուբոկուրարին),
    • որոշ ուժեղ ցավազրկողներ, այդ թվում՝ մորֆին (օփիոիդ). դիազեպամի հետ միաժամանակյա կիրառման դեպքում կարող է առաջանալ էյֆորիա, ինչը կարող է ուժեղացնել այդ դեղերի ընդունումը շարունակելու ցանկությունը (կախյալություն), կամ հակառակը՝ կարող է զարգանալ արտահայտված քնկոտություն,
    • բարբիտուրատներ, այդ թվում՝ ֆենոբարբիտալ (կիրառվում են էպիլեպսիայի և հոգեկան խանգարումների բուժման համար),
    • զարկերակային բարձր ճնշումն իջեցնող դեղեր, միզամուղներ, նիտրատներ (կիրառվում են սրտային հիվանդությունների բուժման համար). դիազեպամի հետ միաժամանակյա կիրառման դեպքում հնարավոր է զարկերակային ճնշման կտրուկ իջեցում,
    • թթվամարիչներ (անտացիդներ) (կիրառվում են ստամոքսահյութի թթվայնության իջեցման համար). այս դեղերը կարող են դանդաղեցնել դիազեպամի ներծծումը օրգանիզմում:

    Այս դեղերի և դիազեպամի միաժամանակյա կիրառումը կարող է ազդել Ձեր հոգեկան վիճակի վրա, առաջացնել քնկոտություն, ընկճել շնչառությունը և իջեցնել զարկերակային ճնշումը:

    • Դիսուլֆիրամ (կիրառվում է ալկոհոլային կախվածության բուժման համար). այս դեղի և դիազեպամի միաժամանակյա ընդունումը կարող է առաջացնել քնկոտություն և դանդաղեցնել դիազեպամի արտազատումը օրգանիզմից:
    • Հակաէպիլեպսային դեղեր, օրինակ՝ ֆենոբարբիտալ, ֆենիտոին և կարբամազեպին, նատրիումի վալպրոատ. դիազեպամը կարող է փոփոխել այս դեղերի մակարդակներն արյան մեջ, ինչպես նաև փոփոխել ֆենիտոինի արդյունավետությունը:
    • Թեոֆիլին (կիրառվում է ասթմայի և շնչառական այլ խանգարումների բուժման համար). այս դեղը կարող է արագացնել դիազեպամի արտազատումը օրգանիզմից, հետևաբար, թեոֆիլինի և դիազեպամի միաժամանակյա կիրառման դեպքում հնարավոր է վերջինիս ազդեցության նվազում:
    • Ցիմետիդին, օմեպրազոլ կամ էզօմեպրազոլ (ստամոքսահյութի թթվայնությունն իջեցնող դեղեր). այս դեղերը կարող են դանդաղեցնել դիազեպամի արտազատումը օրգանիզմից:
    • Ռիֆամպիցին (վարակների բուժման համար կիրառվող հակաբիոտիկ). այս դեղը կարող է արագացնել դիազեպամի արտազատումը օրգանիզմից, ինչի արդյունքում վերջինիս ազդեցությունը կարող է նվազել:
    • Ամրենավիր, ատազանավիր, ռիտոնավիր, դելավիրդին, էֆավիրենց, ինդինավիր, նելֆինավիր կամ սակվինավիր (հակավիրուսային դեղեր), ֆլուկոնազոլ, իտրակոնազոլ, կետոկոնազոլ կամ վորիկոնազոլ (հակասնկային դեղեր). այս դեղերը կարող են դանդաղեցնել դիազեպամի արտազատումը օրգանիզմից, ինչի արդյունքում կողմնակի ազդեցությունների զարգացման ռիսկը բարձրանում է: Սա կարող է հանգեցնել քնկոտության առաջացմանը և շնչառության դժվարացման:
    • Իզոնիազիդ (կիրառվում է տուբերկուլյոզի բուժման համար). այս դեղը կարող է դանդաղեցնել Դիազեպամի արտազատումը օրգանիզմից:
    • Ներքին ընդունման հակաբեղմնավորիչներ. այս դեղերը կարող են դանդաղեցնել դիազեպամի արտազատումը օրգանիզմից և ուժեղացնել դրա ազդեցությունը: Դիազեպամի և ներքին ընդունման հակաբեղմնավորիչների միաժամանակյա ընդունման դեպքում կարող է առաջանալ առատ արյունահոսություն: Նշված դեղերի և դիազեպամի փոխազդեցության արդյունքում հակաբեղմնավորիչ ազդեցությունը չի թուլանում:
    • Ցիսապրիդ (կիրառվում է ստամոքս-աղիքային ուղու ֆունկցիոնալ խանգարումների բուժման ժամանակ). այս դեղը կարող է դանդաղեցնել դիազեպամի արտազատումը օրգանիզմից:
    • Կորտիկոստերոիդներ (հակաբորբոքային դեղեր). այս դեղերը կարող են թուլացնել դիազեպամի ազդեցությունը:
    • Լևոդօպա (կիրառվում է պարկինսոնիզմի բուժման համար). դիազեպամը կարող է նվազեցնել լևոդօպայի ազդեցությունը:
    • Վալպրոաթթու (կիրառվում է էպիլեպսիայի և հոգեկան խանգարումների բուժման համար). այս դեղը կարող է դանդաղեցնել դիազեպամի արտազատումը օրգանիզմից և երկարացնել դրա ազդեցության տևողությունը:
    • Կետամին (անզգայացնող դեղ). դիազեպամը ուժեղացնում է կետամինի ազդեցությունը:
    • Լոֆեքսիդին (նպաստում է ափիոնային ցավազրկողներ ընդունման դադարեցմամբ պայմանավորված հանման ախտանիշների տանելիության բարելավմանը):
    • Նաբիլոն (կիրառվում է սրտխառնոցի և փսխման բուժման համար):
    • Ալֆա-ադրենապաշարիչներ կամ մոքսոնիդին (կիրառվում են զարկերակային բարձր ճնշման իջեցման համար):

     

    Դիազեպամի ընդունումը սննդի և ըմպելիքների հետ

    Չի կարելի ալկոհոլ օգտագործել դիազեպամով բուժման ընթացքում: Ալկոհոլն ուժեղացնում է դիազեպամի սեդատիվ ազդեցությունը և կարող է առաջացնել արտահայտված քնկոտություն:

    Թուրինջի (գրեյպֆրուտ) հյութը կարող է բարձրացնել դիազեպամի մակարդակն արյան մեջ: Եթե Դուք տարեց եք, ունեք լյարդի ցիռոզ կամ Ձեզ մոտ առկա է «Ինչ պետք է իմանալ դիազեպամ դեղն ընդունելուց առաջ» բաժնում թվարկված որևէ վիճակ, ապա թուրինջի հյութը կարող է մեծացնել դիազեպամի քնաբեր ազդեցությունը: Թվարկված վիճակներից որևէ մեկի առկայության դեպքում այդ մասին տեղեկացրեք բուժող բժշկին կամ դեղագետին:

    Կոֆեին պարունակող ըմպելիքները կարող են թուլացնել դիազեպամի ազդեցությունը:

     

    Կիրառումը հղիության և կրծքով կերակրման շրջանում

    Մի´ ընդունեք Դիազեպամ դեղը, եթե հղի եք կամ կրծքով կերակրում եք, կամ ենթադրում եք, որ հղի եք կամ պլանավորում եք հղիություն: Եթե Դիազեպամ դեղն ընդունում եք հղիության վերջին շրջանում կամ ծննդաբերության ժամանակ, ապա Ձեր երեխայի մարմնի ջերմաստիճանը կարող է իջնել, առաջանալ անհանգստություն և շնչառության դժվարացում: Եթե հղիության վերջին շրջանում դեղը կանոնավոր եք ընդունել, ապա Ձեր երեխայի մոտ կարող է զարգանալ դեղի հանման համախտանիշ:

    Խորհրդակցեք բուժող բժշկի կամ դեղագետի հետ՝ նախքան որևէ դեղ ընդունելը:

     

    Ազդեցությունը ուշադրություն պահանջող գործողությունների վրա (փոխադրամիջոցների վարում, սարքավորումների հետ աշխատանք)

    Բացի այլ կողմնակի ազդեցություններից, դիազեպամը կարող է առաջացնել քնկոտություն, մոռացկոտություն, շարժումների համակարգման խանգարում, ինչը կարող է ազդել ամենօրյա գործունեության վրա (տե՛ս «Ինչպիսի կողմնակի ազդեցություններ կարող են առաջանալ» բաժինը):

    Հետևաբար, դեղն ընդունելու ընթացքում անհրաժեշտ է խուսափել փոխադրամիջոցներ վարելուց, որևէ մեխանիզմի հետ աշխատելուց կամ այնպիսի գործունեությունից, որի դեպքում կարող եք ենթարկվել վտանգի:

    Դեղը կարող է առաջացնել քնկոտություն կամ գլխապտույտ, հետևաբար այն կարող է ազդել մեքենա վարելու Ձեր կարողության վրա:

    • Եթե դիազեպամը տվյալ իրավիճակում բացասաբար է ազդում Ձեզ վրա, ապա մեքենա վարելն անթույլատրելի է:
    • Եթե դեռ հայտնի չէ, թե դեղն ինչպես է ազդում Ձեզ վրա, ապա խորհուրդ չի տրվում այն ընդունելու ընթացքում մեքենա վարել:

     

    Դիազեպամի բաղադրատարրերի վերաբերյալ կարևոր տեղեկություն

    Դիազեպամի դեղահատերը պարունակում են լակտոզա: Եթե բժիշկը երբևէ տեղեկացրել է, որ դուք որոշ շաքարների նկատմամբ անընկալունակություն ունեք, ապա մինչև դեղի ընդունումը խորհրդակցեք բժշկի հետ:

    Ինչպես ընդունել դիազեպամ դեղը

    Միշտ անհրաժեշտ է դեղն օգտագործել բժշկի նշանակմանը համապատասխան: Մի´ ընդունեք դիազեպամ 4 շաբաթից ավելի երկար տևողությամբ: Եթե համոզված չեք, թե ինչպես պետք է դեղն ընդունել, դիմեք բուժող բժշկին կամ դեղագետին:

    Դեղահատը պետք է ընդունել ամբողջությամբ՝ մեկ բաժակ ջրով:

     

    Դեղաչափ

    Չափահասներ

    • Անհանգստության կամ հոգեկան խանգարումների դեպքում դեղի թույլատրելի օրական դեղաչափը 5 մգ– 30 մգ է, որը բաժանվում է մի քանի ընդունումների:
    • Անքնության դեպքում դեղի թույլատրելի օրական դեղաչափը 5 մգ– 15 մգ է, որն ընդունվում է քնելուց առաջ:
    • Ուղեղային կաթվածի կամ սպաստիկ այլ վիճակների դեպքում դեղի թույլատրելի օրական դեղաչափը 5 մգ– 60 մգ է, որը բաժանվում է մի քանի ընդունումների:
    • Մկանների կծկանքի դեպքում դեղի թույլատրելի օրական դեղաչափը 5 մգ– 15 մգ է, որը բաժանվում է մի քանի ընդունումների:
    • Էպիլեպսիայի դեպքում դեղի թույլատրելի օրական դեղաչափը 2 մգ– 60 մգ է, որը բաժանվում է մի քանի ընդունումների:
    • Ալկոհոլի հանման ախտանիշների թեթևացման նպատակով կիրառման դեպքում դեղի թույլատրելի օրական դեղաչափը 5 մգ– 20 մգ է, որն անհրաժեշտության դեպքում 2-4 ժամ անց կարելի է կրկնել:
    • Ատամնաբուժական միջամտություններից առաջ դեղը կիրառվում է հետևյալ սխեմայով. 5 մգ՝ միջամտությանը նախորդող գիշերը՝ քնելուց առաջ, ապա 5 մգ՝ առավոտյան և 5 մգ՝ միջամտությունից 2 ժամ առաջ:
    • Դեղային նախապատրաստման նպատակով կիրառման դեպքում դեղի թույլատրելի օրական դեղաչափը 5 մգ– 20 մգ է:

     

    Երեխաներ

    Ուղեղի սպաստիկություն ունեցող երեխաների լարվածությունն ու գրգռվածությունը վերացնելու համար դեղի թույլատրելի օրական դեղաչափը 5 մգ – 40 մգ է, որը բաժանվում է մի քանի ընդունումների:

    Եթե բժիշկը վիրահատական միջամտությունից առաջ Ձեր երեխային նշանակել է դիազեպամ, ապա դեղաչափը սովորաբար 2 մգ -10 մգ է:

     

    Տարեց կամ հյուծված պացիենտներ

    Տարեց և տկար պացիենտներն ավելի զգայուն են դիազեպամի ազդեցությունների, այդ թվում՝ շփոթվածության, նկատմամբ: Հետևաբար, բուժող բժիշկը պետք է նշանակի ցածր դեղաչափ, որը չպետք է գերազանցի չափահասների դեղաչափի կեսը:

    Լյարդի կամ երիկամների խնդիրների առկայության դեպքում նույնպես դեղը պետք է դեղաչափը պետք է նվազեցնել:

     

    Եթե գերազանցել եք դեղաչափը՝ ավելի շատ դեղահատ եք ընդունել, քան թույլատրելի է

    Եթե Դուք (կամ որևէ մեկը) միաժամանակ շատ դեղահատեր եք ընդունել կամ կասկածում եք, որ երեխան դեղահատեր կուլ է տվել, ապա դիմեք շտապօգնության մոտակա կայան կամ այդ մասին անհապաղ տեղեկացրեք բուժող բժշկին:

    Դիազեպամի գերդեղաչափման արդյունքում կարող են ի հայտ գալ դանդաղաշարժություն և շարժումների համակարգման խանգարում, քնկոտություն կամ խորը քուն, խոսքի խանգարումներ, սրտի անկանոն կամ դանդաղ զարկեր, աչքերի անվերահսկելի շարժումներ, մկանային թուլություն կամ գրգռվածություն: Արտահայտված գերդեղաչափման արդյունքում կարող են առաջանալ կոմա (գիտակցության կորուստ), ռեֆլեքսների խանգարում և շնչառության դժվարացում:

     

    Եթե մոռացել եք ընդունել Դիազեպամ դեղը

    Մի´ ընդունեք կրկնակի դեղաչափ բաց թողնվածը լրացնելու նպատակով:

    Եթե մոռացել եք ընդունել դիազեպամի հերթական դեղաչափը, ապա այն պարզապես ընդունեք հաջորդ ընդունման համար նախատեսված ժամին:

     

    Եթե դադարեցնում եք դիազեպամի ընդունումը

    Չի կարելի դադարեցնել դեղի ընդունումը՝ առանց բուժող բժշկի հետ խորհրդակցելու: Դեղի ընդունման դադարեցման անհրաժեշտության դեպքում դեղաչափը պետք է աստիճանաբար նվազեցնել՝ մինչև դեղի ընդունումը ամբողջությամբ դադարեցնելը:

    Դեղի ընդունման հանկարծակի դադարեցման դեպքում կարող են ի հայտ գալ ոչ ցանկալի կողմնակի ազդեցություններ, այդ թվում՝ դեպրեսիա, նյարդայնություն, գրգռվածություն, քրտնարտադրություն կամ փորլուծություն: Բարձր դեղաչափերի ընդունման դեպքում երբեմն կարող են ի հայտ գալ շփոթվածություն, ցնցումներ կամ արտասովոր վարք:

    Բուժումը պետք է դադարեցնել աստիճանաբար, հակառակ դեպքում, ախտանիշները, որոնց բուժման համար դիազեպամ եք ընդունել, կարող են կրկնվել և արտահայտվել ավելի ուժգին, քան նախկինում (վերսկսվող անքնություն և անհանգստություն): Նկարագրվածի զարգացման ռիսկն ավելի մեծ է դեղի ընդունման հանկարծակի դադարեցման դեպքում: Դուք կարող եք զգալ նաև տրամադրության փոփոխություն, տագնապ, անհանգստություն կամ քնի ռիթմի փոփոխություն:

    Եթե դեղի ընդունման հետ կապված լրացուցիչ հարցեր ունեք, խորհրդակցեք բուժող բժշկի կամ դեղագետի հետ:

     

    Ինչպիսի կողմնակի ազդեցություններ կարող են առաջանալ

    Ինչպես բոլոր դեղերը, դիազեպամը նույնպես կարող է առաջացնել կողմնակի ազդեցություններ, թեև ոչ բոլոր պացիենտների մոտ դրանք կարող են դրսևորվել:

    Անհապաղ դիմեք բժշկի, եթե առաջացել է այս ներդիր-թերթիկում նկարագրված կամ այլ կողմնակի ազդեցություն:

    Որոշ կողմնակի ազդեցություններ կարող են ունենալ լուրջ բնույթ, ինչի դեպքում  պահանջվում է անհետաձգելի բժշկական օգնություն:

    Ըստ հանդիպման հաճախականության՝ կողմնակի ազդեցությունները դասակարգվում են հետևյալ կերպ.

    Ոչ հաճախ հանդիպող (≥1/1000 մինչև < 1/100)

    Կարող են առաջանալ 1000 պացիենտից մեկի մոտ և ավելի հաճախ, բայց ոչ ավելի՝ քան 100 պացիենտից մեկի մոտ:

    • Շնչառության ընկճում (շատ դանդաղ և/կամ մակերեսային շնչառություն):

    Հազվադեպ հանդիպող (≥ 1/10000 մինչև < 1/1000)

    Կարող են առաջանալ 10000 պացիենտից մեկի մոտ և ավելի հաճախ, բայց ոչ ավելի՝ քան 1000 պացիենտից մեկի մոտ:

    • Շնչառության կանգ,
    • գիտակցության կորուստ,
    • դեղնախտ (մաշկի կամ ակնագնդերի դեղնություն);

    Շատ հազվադեպ հանդիպող (< 1/10000)

    Կարող են առաջանալ ավելի հազվադեպ, քան 10000 պացիենտից մեկի մոտ:

    Անաֆիլակտիկ ռեակցիա (ալերգիկ սուր ռեակցիա), որն ուղեկցվում է հետևյալ ախտանիշներով՝ հանկարծակի ի հայտ եկած հևոց, շրթունքների, լեզվի, կոկորդի կամ մարմնի այտուց, ցան, ուշաթափություն կամ կլման ակտի դժվարացում:

    Կողմնակի այլ ազդեցություններ

    Շատ հաճախ հանդիպող (≥ 1/10)

    Կարող են առաջանալ ավելի հաճախ, քան 10 պացիենտից մեկի մոտ:

    • Քնկոտություն

     

    Հաճախ հանդիպող (≥1/100 մինչև < 1/10)

    Կարող են առաջանալ 100 պացիենտից մեկի մոտ և ավելի հաճախ, բայց ոչ ավելի, քան 10 պացիենտից մեկի մոտ.

    • Հոգնածություն,
    • դեղի հանման համախտանիշ (հնարավոր ախտանշանները տե´ս «Եթե Դուք դադարեցնում եք դիազեպամի ընդունումը»),
    • շփոթվածություն,
    • մկանային շարժումների համակարգման խանգարում (ատաքսիա) և շարժողական այլ խանգարումներ, տրեմոր:

     

    Ոչ հաճախ հանդիպող ( ≥1/1000 մինչև < 1/100)

    Կարող են առաջանալ 1000 պացիենտից մեկի մոտ և ավելի հաճախ, բայց ոչ ավելի՝ քան 100 պացիենտից մեկի մոտ:

    • Մկանային թուլություն,
    • հիշողության կորուստ,
    • ուշադրության կենտրոնացման խանգարում,
    • վեստիբուլյար խանգարումներ,
    • գլխապտույտ,
    • գլխացավ,
    • հստակ խոսք,
    • ստամոքս-աղիքային խանգարումներ, այդ թվում՝ սրտխառնոց, փսխում, փորկապություն, փորլուծություն,
    • թքարտադրության ուժեղացում,
    • մաշկային ալերգիկ ռեակցիաներ, որոնք արտահայտվում են քորի, մաշկի կարմրության, այտուցի, մաշկային ցանի ձևով:

     

    Հազվադեպ հանդիպող (≥ 1/10000 մինչև < 1/1000)

    Կարող են առաջանալ 10000 պացիենտից մեկի մոտ և ավելի հաճախ, բայց ոչ ավելի՝ քան1000 պացիենտից մեկի մոտ:

    • Հոգեկան խանգարումներ, այդ թվում՝ դյուրագրգռություն, նյարդայնություն, անհանգստություն, գրգռվածություն, ագրեսիվություն, հիշողության կորուստ, մոլորվածություն, ցասում, փսիխոզ, մղձավանջներ կամ հալյուցինացիաներ: Նշված ազդեցությունները կարող են նաև ծանր ընթացք ունենալ: Այս կողմնակի ազդեցություններն ավելի հաճախ զարգանում են երեխաների և տարեցների մոտ: Անհրաժեշտ է տեղեկացնել բուժող բժշկին:
    • զգոնության նվազում,
    • դեպրեսիա,
    • հույզերի բացակայություն,
    • անքնություն,
    • սրտի հետ կապված խնդիրներ, այդ թվում՝ սրտի դանդաղ զարկեր (դանդաղասրտություն), սրտային անբավարարություն և սրտի կանգ,
    • զարկերակային ճնշման իջեցում, ուշաթափություն,
    • թոքերում լորձի արտազատման ուժեղացում,
    • չորություն բերանում,
    • ախորժակի մեծացում,
    • լյարդի որոշ ֆերմենտների մակարդակի փոփոխություն, ինչը հայտնաբերվում է լյարդի հետազոտության արդյունքում,
    • միզակապություն, միզապարկի փականի անվերահսկելիություն (անմիզապահություն),
    • տղամարդկանց մոտ կրծքագեղձերի մեծացում,
    • իմպոտենցիա, սեռական ցանկության (լիբիդո) փոփոխություն,
    • արյունաստեղծ համակարգի խանգարումներ (կարող են առաջանալ ցավ կոկորդում, արյունահոսություն քթից կամ վարակներ):

     

    Շատ հազվադեպ հանդիպող (< 1/10,000)

    Կարող են առաջանալ ավելի հազվադեպ, քան 10 000 պացիենտից մեկից մոտ:

    • Լեյկոցիտների քանակի նվազում (լեյկոպենիա),
    • արյան մեջ որոշ ֆերմենտների (տրանսամինազաներ) մակարդակի բարձրացում:

     

    Անհայտ հաճախականությամբ կողմնակի ազդեցություններ (առկա տվյալների հիման վրա հնարավոր չէ գնահատել հաճախականությունը)

    Ոչ հստակ տեսողություն, կրկնատեսություն և աչքերի ակամա շարժումներ: Այս կողմնակի ազդեցություններն անհետանում են դիազեպամի ընդունումը դադարեցնելուց հետո:

    Դեղի հանման համախտանիշի վերաբերյալ տեղեկատվությունը տե´ս «Եթե Դուք դադարեցնում եք դիազեպամի ընդունումը»:

     

    Կասկածելի կողմնակի ազդեցությունների վերաբերյալ հաղորդում

    Կողմնակի ազդեցության ի հայտ գալու դեպքում այդ մասին տեղեկացրեք բժշկին կամ դեղագետին: Սա վերաբերում է նաև այս ներդիր-թերթիկում չնշված որևէ այլ կողմնակիազդեցությանը: Դուք կարող եք կողմնակի ազդեցության մասին ուղղակիորեն առցանց հաղորդել Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն՝ հետևյալ հղումով. www.pharm.am կամ զանգահարել թեժ գիծ. հեռախոսահամարներ՝ (+374 10) 20 05 05 և (+374 96) 22 05 05: Կողմնակի ազդեցության մասին կարելի է հաղորդել նաև դեղի գրանցման հավաստագրի իրավատիրոջը՝ «ԱՐՓԻՄԵԴ» ՍՊԸ-ին (հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, 2-րդ միկրոշրջան, տուն 19) կամ զանգահարել թեժ գիծ. հեռախոսահամար՝ (+374) 55 05 79 86: Կողմնակի ազդեցությունների մասին հաղորդելով՝ դուք նպաստում եք այս դեղի անվտանգության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության ապահովմանը:

     

    Ինչպես պահել դիազեպամ դեղը

    Դեղը պահեք երեխաների համար անհասանելի և անտեսանելի տեղում:

    Դեղը պահեք իր տուփի մեջ՝ 150-250С ջերմաստիճանի պայմաններում, խոնավությունից և լույսից պաշտպանված տեղում:

    Դեղի պիտանիության ժամկետը 3 տարի է:

    Մի´ օգտագործեք դեղը տուփի և սրվակի վրա նշված պիտանիության ժամկետի ավարտից հետո: Պիտանիության ժամկետն ավարտվում է նշված ամսվա վերջին օրը:

    Դեղերը չի կարելի նետել կոյուղի կամ կենցաղային թափոնների մեջ: Չօգտագործված դեղերի հետ վարվելու մասին հարցրեք դեղագետին: Այս միջոցառումներն ուղղված են շրջակա միջավայրի պահպանությանը:

     

    Ինչ է պարունակում դիազեպամ դեղի փաթեթը և այլ տեղեկություն

    Ինչ է պարունակում Դիազեպամ դեղը

    Դիազեպամ 10 մգ դեղի յուրաքանչյուր դեղահատ պարունակում է.

    ակտիվ բաղադրատարր՝ դիազեպամ – 10 մգ,

    օժանդակ նյութեր՝ միկրոբյուրեղային ցելյուլոզա, լակտոզայի մոնոհիդրատ, էթիլցելյուլոզա, օսլայի նատրիումի գլիկոլյատ, մագնեզիումի ստեարատ:

     

    Ինչ տեսք ունեն Դիազեպամ դեղի դեղահատերը և ինչ է պարունակում փաթեթը

    Դիազեպամ 10 մգ՝ սպիտակ, կլոր, տափակ, երկկողմանի երիզով, մի կողմում՝ բաժանման գծիկով դեղահատ:

    24 դեղահատ պարունակող 1 բլիստերը տեղադրված է ստվարաթղթե տուփի մեջ՝ ներդիր-թերթիկի հետ միասին:

     

    Դեղատնից բաց թողնելու կարգ

    Դեղատոմսով