icon-menu
icon-menu

Արտադրանքներ

Ֆլուոցինոլոն, 0.025 % քսուք

ԴեղաձեվըՓափուկ

ATC խումբԳլյուկոկորտիկոիդային դեղեր

ATC ենթախումբԳլյուկոկորտիկոիդային դեղեր արտաքին օգտագործման համար

Դեղի առևտրային անվանումըՖլուոցինոլոն

Դեղի միջազգային անվանումըՖլուոցինոլոնի ացետոնիդ (Fluocinolone acetonide)

Ընդհանուր բնութագիրը
Հիմնական ֆիզիկաքիմիական հատկությունները

Սպիտակ կամ թույլ դեղնավուն համասեռ քսուք արտաքին օգտագործման համար:

Բաղադրությունը
Յուրաքանչյուր գրամը պարունակում է.
Ակտիվ բաղադրանյութ` 0.25մգ ֆլուոցինոլոնի ացետոնիդ:
Օժանդակ բաղադրանյութեր` լիմոնաթթվի մոնոհիդրատ, պրոպիլենգլիկոլ, անջուր լանոլին, մոմ 533D, սպիտակ վազելին (սպիտակ պարաֆին):
Դեղաբանական խումբը և ԱԲՔ կոդը
Գլյուկոկորտիկոստերոիդ տեղային կիրառման համար, D07AC04:
Քիմիական անվանումը և CAS համարը
Պրեգնա-1,4-դիեն-3,20-դիոն,6,9-դիֆտոր-11,21-դիհիդրօքսի-16,17-[1-մեթիլէթիլի-դեն)բիս(օքսի)]-,(6a,11b,16a)-6a,9-դիֆտոր-11b,16a,17,21-տետրահիդրօքսիպրեգնա-1,4-դիեն-3,20-դիոն, ցիկլիկ 16,17-ացետալ ացետոնի հետ; 67-73-2.
Դեղաբանական ազդեցությունը
Սինթետիկ գլյուկոկորտիկոիդ է արտաքին կիրառման համար: Օժտված է հակաբորբոքային, հակաքորային, հակաալերգիկ և հակաէքսուդատային ազդեցությամբ: Հակաբորբոքային ազդեցության մեխանիզմը մինչև վերջ հայտնի չէ: Ֆլուոցինոլոնի ացետոնիդը ճնշում է պրոստագլանդինների և լեյկոտրիենների սինթեզը, արգելակելով ֆոսոֆոլիպազա A2-ի ակտիվությունը, և նվազեցնում է բջջաթաղանթի ֆոսֆոլիպիդներից արախիդոնաթթվի ազատումը: Խոչընդոտում է մաշկի մեջ տեղային ալերգիկ ռեակցիաների առաջացմանը: Հակաէքսուդատային ներգործությունը պայմանավորված է անոթասեղմիչ ազդեցությամբ:
Ֆարմակոկինետիկա
Հեշտությամբ թափանցում է մաշկի եղջերային շերտի միջով: Բիոտրանսֆորմացիայի մաշկի մեջ չի ենթարկվում և կուտակվում է նրա եղջերային շերտում: Ֆլուոցինոլոնի ացետոնիդը հայտնաբերվում է մաշկի մեջ նրա տեղային կիրառումից նույնիսկ 15 օր հետո: Արտաքին օգտագործման դեպքում ֆլուոցինոլոնի ացետոնիդը կարող է աննշան չափով ներծծվել շրջանառու արյան մեջ և առաջացնել ընդհանուր երևույթներ: Ներծծված մասը ենթարկվում է բիոտրանսֆորմացիայի հիմնականում լյարդում, օրգանիզմից հեռանում է գլյուկուրոնաթթվի միացությունների, քիչ քանակությամբ՝ չկապված ձևով: Հեռանում է հիմնականում մեզի, աննշան՝ լեղու հետ: Ֆլուոցինոլոնի ացետոնիդի ներծծումը ավելի արտահայտված է դեմքի մաշկի, մաշկի վնասված հատվածների վրա քսելու, ինչպես նաև օկլյուզիոն վիրակապերի կիրառման դեպքում: Բացի այդ, դեղի ներծծումը մեծանում է նրա հաճախակի կիրառման և մաշկի մեծ տեղամասերի վրա քսելու դեպքում: Դեղի ներծծումն ավելի արտահայտված է երեխաների, քան մեծահասակների մոտ:
Ցուցումներ
Մաշկի ոչմիկրոբային էթիոլոգիայի բորբոքային և ալերգիկ հիվանդություններ (էկզեմա, նեյրոդերմատիտ, մաշկի քոր, փսորիազ, մաշկի բորբոքային և ալերգիկ հիվանդությունների այլ քրոնիկական ձևեր, որոնք ուղեկցվում են մաշկի չորությամբ):
Դեղաչափավորումը և կիրառման եղանակները
Արտաքին օգտագործման համար, օրեկան 1-2 անգամ: Ֆլուոցինոլոնովբուժման կուրսը չպետք է գերազանցի 1-2 շաբաթը: Դեղը դեմքի մաշկի վրա կիրառում են շատ զգույշ և 1 շաբաթից ոչ շատ: Եթե անհրաժեշտություն չկա, դեղի օրեկան օգտագործումը չպետք է գերազանցի նրա 2 գրամը: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է օկլյուզիոն վիրակապի կիրառումը: 2 տարեկանից բարձր երեխաներին դեղը նշանակում են զգուշությամբ օրը մեկ անգամ, մաշկի ոչ մեծ տեղամասերի վրա:
Հակացուցումներ
Դեղի նկատմամբ գերզգայունություն, մաշկի բակտերիային, վիրուսային, սնկային վնասվածքներ, պերիօրալ դերմատիտ, վարդագույն կորյակներ, լայնածավալ փսորիատիկ թիթեղիկներ, սեռական օրգանների քոր, հղիություն, կրծքով կերակրում, մինչև 2 տարեկան մանկական տարիք, աղջիկների մոտ սեռական հասունացման ժամանակահատված:
Կողմնակի ազդեցություններ
Տեղային ռեակցիաներ. բշտիկացան, հետստերոիդային անոթային ծիրանեցան, վերնամաշկի աճի ընկճում, ենթամաշկային ցանցաշերտի ապաճում, մաշկի չորություն, արտահայտված մազոտում կամ մազաթափություն, մեանոդերմիա կամ մաշկի գունազրկում, մաշկի և տելեանգիէկտազիայի ապաճում, պերիօրալ դերմատիտ, ֆոլիկուլիտ, մաշկի երկրորդային վարակային ախտահարումներ:
Ալերգիկ ռեակցիաներ. երբեմն՝ եղնջացան, մակուլապապուլային ցան:
Համակարգային ռեակցիաները հնարավոր են օկլյուզիոն վիրակապերի օգտագործման դեպքում. այտուց, զարկերակային հիպերտենզիա, մակերիկամային անբավարարություն, Իցենգո-Կուշինգի սինդրոմ, “ստերոիդային” խոց, “ստերոիդային” շաքարային դիաբետ, իմունադեպրեսային ազդեցություն: Դեղը կոպերի մաշկին քսելիս հնարավոր է գլաուկոմայի կամ կատարակտի առաջացում: Դեղն էական կողմնակի ազդեցություններ չի առաջացնում այն կարճաժամկետ օգտագործելիս կամ ոչ մեծ տեղամասերի վրա քսելիս: Կողմնակի ազդեցությունները հաճախ զարգանում են երկարատև օգտագործման դեպքում:
Հատուկ ցուցումներ
Դեղը կիրառում են մաշկի ոչ մեծ տեղամասերի վրա բուժման միայն կարճատև կուրսերով: Մաշկի մեծ տեղամասերի վրա գլյուկոկորտիկոիդներով երկարատև բուժման, ինչպես նաև օկյուզիոն վիրակապերի երկարատև օգտագործման դեպքում բարձրանում է համակարգային կողմնակի ռեակցիաների՝ պերիֆերիկ այտուցի, զարկերակային հիպերտենզիայի, մակերիկամային անբավարարության, Իցենգո-Կուշինգի սինդրոմի, “ստերոիդային” խոցի, հիպերգլիկեմիայի, իմունադեպրեսային ազդեցության զարգացման ռիսկը: Դեղի կիրառման տեղում երկրորդային վարակի զարգացման դեպքում հարկավոր է նշանակել հակաբակտերիային և հակասնկային թերապիա: Խորհուրդ չի տրվում դեղը քսել դեմքի, կոպերի և աչքի շրջանի մաշկի վրա, սակայն, եթե կա անհրաժեշտություն, հարկավոր է հաշվի առնել, որ տվյալ տեղամասի վրա քսելիս դեղի ներծծումը մեծանում է նույնիսկ նրա կարճատև օգտագործումից հետո և մեծանում է այնպիսի կողմնակի ազդեցությունների առաջացման հնարավորությունը, ինչպիսիք են տելեանգիէկտազիա, մաշկի ապաճում, պերիօրալ դերմատիտ, գլաուկոմա, կատարակտ հատկապես մեծահասակ հիվանդների և այն անձանց մոտ, որոնց մաշկի վրա արդեն գոյություն ունեն ատրոֆիկ փոփոխություններ: Մանկաբուժության մեջ կիրառումը. երեխաների մոտ դեղը կիրառում են հատուկ զգուշությամբ, քանի որ գլյուկոկորտիկոիդների օգտագործմամբ պայմանավորված համակարգային կողմնակի ռեակցիաների զարգացումը բարձր է; հնարավոր է հիպոթալամա-հիպոֆիզար-մակերիկամային համակարգի ֆունկցիայի ընկճում, կարող է նկատվել աճի հորմոնի արտազատման իջեցում, ինչպես նաև ներգանգային ճնշման բարձրացում:
Գերդեղաչափավորում
Ախտանշանները. դեղաչափավորման կարգը չպահպանելիս (մաշկի մեծ տեղամասերի վրա դեղի երկարատև կիրառություն) հնարավոր է համակարգային կողմնակի ազդեցությունների առաջացում:
Բուժումը. դեղի ընդունման դադարեցում:
Դեղորայքային փոխազդեցություններ
Համատեղելի է հակաբակտերիային միջոցների հետ: Նվազեցնում է հիպոտենզային, դիուրետիկ, հակաառիթմային միջոցների, կալիումի դեղերի ակտիվությունը: Միզամուղային դեղերը (բացառությամբ կալիում պահպանող) մեծացնում են հիպոկալիեմիայի զարգացման ռիսկը:
Պիտանելիության ժամկետը
5 տարի: Չօգտագործել պիտանելիության ժամկետը լրանալուց հետո:
Դեղատնից բացթողման կարգը
Բաց է թողնվում դեղատոմսով:
Թողարկման ձևը և փաթեթավորումը
0.025% քսուք, 15-ական գրամ ալյումինե պարկուճներում, ներդիր թերթիկի հետ միասին ստվարաթղթե տուփի մեջ:
Պահման պայմանները
Պահել երեխաների համար անհասանելի, չոր, լույսից և խոնավությունից պաշտպանված տեղում` սենյակային ջերմաստիճանում: