icon-menu
icon-menu

Արտադրանքներ

    Ֆոլաթթու, 5 մգ դեղահատեր

    ԴեղաձեվըԴեղահատեր

    ATC խումբՎիտամիններ: Պոլիվիտամիններ: Միկրոտարրեր

    ATC ենթախումբՎիտամիններ

    Դեղի առևտրային անվանումըՖոլաթթու

    Դեղի միջազգային անվանումըՖոլաթթու (Folic acid)

    Ինչ է ֆոլաթթու դեղը և ինչի համար է այն կիրառվում

    Ֆոլաթթու դեղի ակտիվ բաղարդատարրը ֆոլաթթուն է, այն վիտամին է, որն անհրաժեշտ է նոր բջիջների գոյացման և դրանց ֆունկցիոնալ լինելու համար:

    Ֆոլաթթուն կիրառվում է հետևյալ հիվանդությունների բուժման և կանխարգելման համար.

    • Ֆոլաթթվի պակասով պայմանավորված սակավարյունություն՝ մեծահասակների և երեխաների մոտ,
    • սակավարյունություն հղիության ժամանակ,
    • որոշ դեղերի ընդունումից առաջացած սակավարյունություն,
    • էրիթրոցիտների ավելցուկային հեմոլիզի արդյունքում առաջացած սակավարյունություն,
    • հեմոդիալիզ ընդունող պացիենտների մոտ առաջացած սակավարյունություն:

    Ֆոլաթթուն կիրառվում է հղիությունից առաջ և դրա ընթացքում՝ ֆոլաթթվի պակասով պայմանավորված պտղի նյարդային խողովակի զարգացման արատների կանխարգելման համար:

     

    Ինչ պետք է իմանալ ֆոլաթթու դեղն ընդունելուց առաջ

    Մի՛ ընդունեք Ֆոլաթթու դեղը և տեղեկացրեք բուժող բժշկին, եթե.

    • ունեք ալերգիա ֆոլաթթվի կամ դեղի ցանկացած այլ բաղադրիչի նկատմամբ
    • Ձեզ մոտ ախտորոշվել է չարորակ ուռուցք (բացառությամբ ֆոլաթթվի պակասով պայմանավորված սակավարյունության դեպքերի)
    • B12-ի պակաս, որը չի բուժվել, օրինակ՝ բուսակերների մոտ սակավարյունության որոշ տեսակների դեպքում)
    • Պերնիցիոզ սակավարյունություն (սակավարյունության տեսակ, որն առաջանում է B12-ի պակասից) կամ B12 վիտամինի պակասով պայմանավորված այլ իրավիճակներ:

     

    Կիրառման հատուկ հրահանգներ և նախազգուշացումներ

    Տեղեկացրեք Ձեր բժշկին կամ դեղագետին, եթե ընդունում եք, վերջերս ընդունել եք կամ պլանավորում եք ընդունել ցանկացած այլ դեղ:

    Հետևյալ դեղերը կարող են ազդել Ֆոլաթթու դեղի ազդեցության վրա կամ Ֆոլաթթուն կարող է ազդել այս դեղերի ազդեցության վրա:

    • Ֆենիտոին, ֆենոբարբիտալ, պրիմիդոն (էպիլեպտիկ նոպաների վերացման համար կիրառվող դեղեր)
    • Ֆլյուորոուրացիլ, կիրառվում է ուռուցքների որոշ տեսակների բուժման համար
    • Հակամանրէային դեղեր: Որոշ հակամանրէային դեղեր (տրիմետոպրիմ և սուլֆանիլամիդներ, ինչպես նաև՝ համակցված Կո-տրիմօքսազոլ դեղը) իջեցնում են ֆոլաթթվի ազդեցությունը: Ֆոլաթթվի հետ միաժամանակյա ընդունման դեպքում դրանք կարող են ազդել արյան հետազոտության արդյունքների վրա:
    • Ստամոքսի խնդիրների ժամանակ կիրառվող որոշ դեղեր (սննդային կավ, ալյումին կամ մագնեզիում պարունակող անտացիդներ): Ֆոլաթթվի և ստամոքսի խնդիրների ժամանակ կիրառվող դեղերի ընդունումների միջև պետք է պահպանել երկու ժամ միջակայք:
    • Ցինկ պարունակող դեղեր, օրինակ՝ մուլտիվիտամիններ կամ կենսաակտիվ հավելումներ (պետք է հաշվի առնել սա հղիության ժամանակ):
    • Սուլֆասալազին, որը կիրառվում է աղիների բորբոքային հիվանդությունների բուժման ժամանակ, ինչպիսին են խոցային կոլիտը և Կրոնի հիվանդությունը:
    • Խոլեստիրամին, որը կիրառվում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի իջեցման համար:

     

    Կիրառումը հղիության և կրծքով կերակրման շրջանում

    Այս դեղը կիրառվում է հղիության ժամանակ՝ սակավարյունության բուժման նպատակով:

    Կրծքով կերակրման շրջանում խորհրդակցեք բուժող բժշկի հետ նախքան այս դեղն ընդունելը:

     

    Ազդեցությունը ուշադրություն պահանջող գործողությունների վրա (փոխադրամիջոցների վարում, սարքավորումների հետ աշխատանք)

    Այս դեղը չի ազդում փոխադրամիջոցների վարման կամ սարքավորումների հետ աշխատելու ունակության վրա:

     

    Ֆոլաթթու դեղի դեղահատերը պարունակում են լակտոզա:

    Նախքան Ֆոլաթթու դեղն ընդունելը խորհրդակցեք բժշկի հետ, եթե նա զգուշացրել է, որ Դուք ունեք անտանելիություն որոշ շաքարների նկատմամբ:

     

    Ինչպես ընդունել ֆոլաթթու դեղը

    Ֆոլաթթու դեղն անհրաժեշտ է օգտագործել բժշկի նշանակմանը համապատասխան: Եթե համոզված չեք, թե ինչպես պետք է դեղն ընդունել, դիմեք բժշկի կամ դեղագետի:

    Ձեր բժիշը կորոշի Ֆոլաթթու դեղի դեղաչափը և ընդունման տևողությունը:

    Այլ ցուցումների բացակայության դեպքում պետք է խմել դեղահատը ջրով:

     

    Դեղաչափեր

    Սակավարյունություն

    Մեծահասակներ և 1 տարեկանից բարձր երեխաներ:

    Սակավարյունության բուժման համար ընդունում են օրական 1 դեղահատ, իսկ կանխարգելման համար՝ օրական 1 դեղահատ՝ 7 օր (կախված սննդակարգից և հիմնական հիվանդությունից):

     

    Մինչև 1 տարեկան երեխաներ

    Օրական դեղաչափը կազմում է 500 մկգ/կգ:

    Տարբեր քաշով երեխաների մոտ Ֆոլաթթու դեղահատերի դեղաչափման հարմարության համար կարելի է օգտագործել նաև Ֆոլաթթու 1 մգ դեղահատերը:

    Նյարդային խողովակի զարգացման արատի կանխարգելում.

    Օրական 1 դեղահատ՝ սկսած բեղմնավորման պահից հղիության առաջին եռամսյակի ընթացքում:

     

    Եթե գերազանցել եք դեղաչափը՝ ավելի շատ դեղահատ եք ընդունել, քան թույլատրելի է

    Եթե Դուք (կամ ուրիշ մեկը, այդ թվում՝ երեխան) ընդունել եք ավելի շատ Ֆոլաթթու դեղահատեր, քան նշանակված է բժշկի կողմից, քիչ հավանակն է, որ դա ինչ-որ կերպ կվնասի ձեր առողջությանը: Եթե Դուք ունեք կասկածներ՝ դիմեք բժշկին: Միշտ պահեք Ձեզ մոտ դեղի փաթեթը և ներդիր-թերթիկը:

     

    Եթե դուք մոռացել եք ընդունել Ֆոլաթթու դեղը

    Եթե Դուք մոռացել եք ընդունել դեղի հերթական դեղաչափը՝ ընդունեք այն հիշելուն պես: Եթե արդեն մոտենում է հերթական ընդունման ժամը՝ բաց թողեք չընդունած դեղաչափը: Մի՛ ընդունեք կրկնակի դեղաչափ՝ բաց թողնածը լրացնելու համար:

     

    Ինչպիսի կողմնակի ազդեցություններ կարող են առաջանալ

    Ինչպես բոլոր դեղերը, Ֆոլաթթու դեղը նույնպես կարող է առաջացնել կողմնակի

    ազդեցություններ, թեև ոչ բոլոր պացիենտների մոտ դրանք կարող են դրսևորվել:

    Ինչպես ցանկացած այլ դեղ, Ֆոլաթթուն կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիաներ (գերզգայունություն): Եթե Ձեզ մոտ դիտվում է ներքոնշյալ ախտանիշներից ցանկացածը, պետք է անհապաղ դիմել բժշկական օգնության:

    • քոր/մաշկի կարմրություն, ցան, դեմքի, շրթունքների, բերանի խոռոչի և կոկորդի այտուցվածություն կամ շնչառության կամ կլման դժվարություններ, շոկ (սառը, քրտինքով պատված մաշկ, թույլ զարկերակ, բերանում չորություն, բբերի լայնացում):

    Որոշ պացիենտների մոտ դիտվում են հետևյալ կողմնակի երևույթները.

    • ախորժակի կորուստ (անորեքսիա),
    • սրտխառնոց,
    • որովայնում փքվածություն,
    • մեթեորիզմ,
    • վիտամին B12-ի պակասի ախտանիշներ: Խորհուրդ չի տրվում ընդունել Ֆոլաթթու դեղն առանց սակավարյունության պատճառների հետազոտման:

     

    Ինչպես պահել ֆոլաթթու դեղը
    • Դեղը պահեք խոնավությունից և լույսից պաշտպանված վայրում՝ 15-250С ջերմաստիճանի պայմաններում:
    • Դեղի պիտանիության ժամկետը 3 տարի է: Մի՛ օգտագործեք դեղը տուփի և բլիստերի վրա նշված պիտանիության ժամկետի ավարտից հետո:

    Պիտանիության ժամկետն ավարտվում է նշված ամսվա վերջին օրը:

    • Եթե դեղահատերը փոխել են իրենց գույնը կամ ցուցաբերում են վատորակության այլ նշաններ՝ մի՛ ընդունեք դրանք:
    • Դեղերը չի կարելի նետել կոյուղի կամ կենցաղային թափոնների մեջ: Չօգտագործված դեղերի հետ վարվելու մասին հարցրեք դեղագետին: Այս միջոցառումներն ուղղված են շրջակա միջավայրի պահպանությանը:

     

    Ինչ է պարունակում ֆոլաթթու դեղի փաթեթը և այլ տեղեկություն

    Ինչ է պարունակում Ֆոլաթթու դեղը

    Ֆոլաթթու 5 մգ դեղի յուրաքանչյուր դեղահատ պարունակում է.

    ակտիվ բաղադրատարր՝  ֆոլաթթու- 5մգ,

    օժանդակ նյութեր՝ միկրոբյուրեղային ցելյուլոզ, լակտոզա մոնոհիդրատ, պովիդոն, նատրիումի օսլայի գլիկոլատ, մագնեզիումի ստեարատ:

     

    Ինչ տեսք ունեն Ֆոլաթթու դեղի դեղահատերը և ինչ է պարունակում փաթեթը

    Կլոր, տափակ, մի կողմից՝ գծիկով, երկկողմանի երիզով դեղին դեղահատեր՝ ավելի մուգ գույն ունեցող փոքր և նոսր կուտակումներով:

    48 դեղահատ պարունակող 2 բլիստերները (յուրաքանչյուր բլիստերում՝ 24-ական դեղահատ) ներդիր-թերթիկի հետ միասին տեղադրված են ստվարաթղթե տուփի մեջ:

    50 դեղահատ պարունակող 5 բլիստերները (յուրաքանչյուր բլիստերում՝ 10-ական դեղահատ) ներդիր-թերթիկի հետ միասին տեղադրված են ստվարաթղթե տուփի մեջ:

     

    Դեղատնից բաց թողնելու կարգ

    Դեղատոմսով