icon-menu
icon-menu

Արտադրանքներ

    Հալոպերիդոլ, 5 մգ դեղահատեր

    ԴեղաձեվըԴեղահատեր

    ATC խումբՆյարդաբանություն: Հոգեբանություն

    ATC ենթախումբՆեյրոլեպտիկներ

    Դեղի առևտրային անվանումըՀալոպերիդոլ

    Դեղի միջազգային անվանումըՀալոպերիդոլ (Haloperidol)

    Ընդհանուր բնութագիրը
    Հիմնական ֆիզիկաքիմիական հատկությունները

    Կլոր, տափակ, սպիտակ կամ գրեթե սպիտակ, ավելի մուգ գույնի կետերով, մեկ կողմից ակոսիկով դեղահատեր:

    Բաղադրությունը

    Յուրաքանչյուր դեղահատ պարունակում է.

    Ակտիվ բաղադրանյութ` 5 մգ հալոպերիդոլ:
    Օժանդակ բաղադրանյութեր` միկրոբյուրեղային ցելյուլոզ, լակտոզ մոնոհիդրատ, կալցիումի երկհիմն ֆոսֆատ, եգիպտացորենի օսլա, պովիդոն, նատրիումի օսլայի գլիկոլատ, մագնեզիումի ստեարատ:

    Դեղաբանական խումբը և ԱԲՔ կոդը

    Նեյրոլեպտիկ; N05AD01.

    Դեղաբանական ազդեցությունը

    Հալոպերիդոլը բութիրֆենոնի ածանցյալ հանդիսացող նեյրոլեպտիկ է: Ցուցաբերում է արտահայտված հակափսիխոտիկ և հակափսխումային ազդեցություն: Հալոպերիդոլի ազդեցությունը պայմանավորված է գլխուղեղի լիմբիկ և մեզոկորտիկալ կառույցների կենտրոնական դոֆամինային (D2) ընկալիչների և α-ադրեներգիկ ընկալիչների պաշարմամբ : Հիպոթալամուսի D2 ընկալիչների պաշարումը բերում է մարմնի ջերմաստիճանի իջեցման, գալակտորեայի ( պրոլակտինի արտազատման մեծացման): Տրիգերային գոտու փսխման կենտրոնի դոֆամինային ընկալիչների ընկճումը ընկած է հակափսխումային ազդեցության հիմքում: Արտաբրգային (էքստրապիրամիդային) համակարգի դոֆամիներգիկ կառույցի հետ փոխազդեցությունը կարող է բերել արտաբրգային (էքստրապիրամիդային) խանգարումների: Արտահայտված հակափսիխոտիկ ազդեցությունը ուղեկցվում է չափավոր հանգստացնող ազդեցությամբ (ցարծր դեղաչափերով ցուցաբերում է ակտիվացնող ազդեցություն):

    Ֆարմակոկինետիկա

    Ներծծումը. Հալոպերիդոլը հիմնականում ներծծվում է բարակ աղիներում` պասիվ դիֆուզիայի եղանակով :

    Նյութափոխանակությունը և տեղաբաշխումը. Նյութափոխանակվում է լյարդում: Շուրջ 92 % կապվում է պլազմայի սպիտակուցների հետ: Լայն բաշխվում է օրգանիզմի բոլոր հյուսվածքներում և անցնում է հեմատոէնցեֆալիկ պատնեշով: Հայտնաբերվում է կրծքի կաթում:

    Արտազատումը. Օրգանիզմից արտազատվում է մեզի և լեղու հետ, ենթարկվում է լյարդային ռեցիրկուլյացիայի: Կիսադուրսբերման ժամանակահատվածը (Т1/2) կազմում է 12-38 ժամ:

    Ցուցումներ

    – Տարբեր ծագման հոգեշարժական դրդունակություն, այդ թվում` շիզոֆրենիա, մանիա, հիպոմանիա,
    – Հոգեկան և վարքագծային խանգարումներ (ագրեսիա, գերակտիվություն, ուղեղի օրգանական վնասում),
    – Ժիլ դյո լա Տուրետի համախտանիշ,
    – Ծանր տիկեր,
    – Երկարատեւ պահպանվող, բուժման նկատմամբ կայուն զկրտոց,
    – Հոգեշարժական գրգռվածության, ագրեսիվության, ուշադրության խանգարման, երեխաների մոտ տրամադրության անկայունության կարճատև բուժում:

    Դեղաչափավորումը և կիրառման եղանակները
    Դեղաչափումն ունի անհատական բնույթ` կախված հիվանդի տարիքից, կլինիկական պատկերից եւ այլ նեյրոլեպտիկների նկատմամբ հիվանդի նախկին պատասխանից:

    Փսիխոզների և դրա հետ կապված խանգարումների ժամանակ մեծահասակների համար սկզբնական դեղաչափը կազմում է 1.5-3 մգ կամ 3-5 մգ օրը 2-3 անգամ: Անհրաժեշտության դեպքում նշված դեղաչափը կարելի է մեծացնել օրական մինչև 30 մգ: Պահպանողական դեղաչափը կազմում է 5-10 մգ օրը:

    Փսիխոզների բուժման դեպքում օրական միջին դեղաչափը երեխաների համար կազմում է 25-50 մգ/կգ` բաժանված 2 ընդունումների համար: Անհրաժեշտության դեպքում նշված դեղաչափը կարելի է մեծացնել: Երեխաների համար օրական առավելագույն դեղաչափը կազմում է 10 մգ:

    Ժիլ դյո լա Տուրետի համախտանիշի դեպքում սկզբնական դեղաչափը կազմում է 0.5-1.5 մգ օրը 3 անգամ: Անհրաժեշտության դեպքում նշված դեղաչափը կարելի է մեծացնել օրական մինչև 10 մգ:

    Երկարատև զկրտոցի դեպքում նշանակում են 1.5 մգ օրը 3 անգամ` կախված ազդեցությունից:

    Ծեր եւ տարեց հիվանդների մոտ բուժումը անհրաժեշտ է սկսել` նշանակելով մեծահասակների համար միջին դեղաչափի 1/2-ը, այնուհետեւ աստիճանաբար մեծացնել` կախված ձեռք բերված արդյունքից եւ տանելիությունից:

    Կողմնակի ազդեցություններ
    Կողմնակի ազդեցությունները կախված են դեղաչափից:

    Հալոպերիդոլը առաջացնում է առավել քիչ արտահայտված քնկոտություն, թերճնշումային կամ հակամուսկարինային ազդեցություններ, բայց` լավ արտահայտված արտաբրգային ազդեցություններ: Անհրաժեշտ է մեծ զգուշությամբ նշանակել երեխաներին և դեռահասներին` ելնելով` ծանր դիստոնիկ ռեակցիաների առաջացման մեծ վտանգից: Հիպերթիրեոիդիզմով հիվանդները նույնպես պատկանում են ռիսկի խմբին:

    Արտաբրգային խանգարումներ` սուր դիստոնիա, պարկինսոնիզմին համանման համախտանիշ, ակատիզիա, ուշ դիսկինեզիա, ներբերանային դող, նեյրոլեպտիկ չարորակ համախտանիշ:

    Հակամուսկարինային ազդեցության հետևանքով առաջացած կողմնակի ազդեցություններ` բերանում չորություն, փորկապություն, դժվար միզարձակում, տեսողության խանգարում, միդրիազ:

    Սրիտանոթային համակարգի կողմից` օրթոստատիկ թերճնշում, հաճախասրտություն, ԷՍԳ-ի փոփոխություն (մասնավորապես` Q- և T-միջակայքերի շեղումներ ), հազվադեպ` առիթմիա:

    Ալերգիկ ռեակցիաներ` եղնջացան, էքսֆոլիատիվ դերմատիտ, բազմաձև էքսուդատիվ էրիթեմա, համակարգային կարմիր (համակարգային էրիթեմատոզային) գայլախտ (շատ հազվադեպ), դեղնախտ (իմունոլոգիական ծագման), շարունակական բուժման դեպքում` մաշկի և աչքերի գունակավորում:

    Արյունստեղծ համակարգի կողմից` հեմոլիտիկ անեմիա, ապլաստիկ անեմիա, թրոմբոցիտոպենիկ պուրպուրա, էոզինոֆիլիա, ագրանուլոցիտոզ, երկարատև բուժման դեպքում` չափավոր լեյկոպենիա:

    Ներզատական համակարգի կողմից` ամենորեա, գալակտորեա, գինեկոմաստիա (հիպերպրոլակտինեմիայի հետևանքով):

    Այլ ազդեցություններ ` գիտակցության խանգարում, աժիտացիա, հազվադեպ` դիրքագամային (կատատոնիկ) վիճակ, անքնություն, մղձավանջներ, դեպրեսիա, միոզ, էլեկտրոէնցեֆալոգրամայի փոփոխություններ, ցնցումներ, քթանցքների խցանում, լյարդի ֆունկցիայի անալիզի չնչին փոփոխություններ, սերմնաժայթքման թուլացում, իմպոտենցիա, պրիապիզմ, ջերմակարգավորման խանգարում:

    Հակացուցումները
    – Բրգային կամ արտաբրգային խանգարումներով ուղեկցվող ԿՆՀ-ի հիվանդություններ,
    – Հղիություն, կաթնարտադրության շրջան,
    – Կոմատոզային վիճակներ,
    – Ֆեոխրոմոցիտոմա,
    – Ոսկրածուծի ընկճում,
    – Պրոլակտին-կախյալ ուռուցքներ,
    – Հալոպերիդոլի նկատմամբ գերզգայունություն:

    Հատուկ ցուցումներ
    Անհրաժեշտ է զգուշություն ցուցաբերել կամ չընդունել դեղը սիրտանոթային հիվանդությունների (այդ թվում ստենոկարդիայի), սրտի անոթների անցանելիության խանգարման, երիկամների, լյարդի, շնչառական համակարգի ծանր հիվանդությունների, փականկյունային գլաուկոմիայի, դեղնախտի, շաքարային դիաբետի, հիպերթիրեոզի (թիրեոտոքսիկոզի), բուլբոսպինալ պարալիզի, աղիքային ֆունկցիոնալ անանցանելիության, շագանակագեղձի հիպերպլազիայի կամ միզակապության դեպքում:

    Զգուշությամբ պետք է նշանակել անամնեզում ջղակծկումներ ունեցող հիվանդներին, քանի որ Հալոպերիդոլը նվազեցնում է ջղակծկումային շեմքը:

    Անհրժեշտ է զգուշություն ցուցաբերել նաև ենթաոստայնային արյունազեղման և նյութափոխանակության խանգարումների (հիպոկալիեմիայի, հիպոկալցիեմիայի, հիպոմագնիեմիայի) դեպքում:

    Լյարդի և երիկամների հիվանդություն ունեցողները պետք է սկսեն ցածր դեղաչափերից` լյարդի և երիկամների ֆունկցիաների մշտական հսկման պայմաններում:

    Դեղի կիրառման ժամանակ հակացուցված է ալկոհոլի օգտագործումը:

    Հալոպերիդոլի եւ անուղղակի հակամակարդիչների միաժամանակյա կիրառման դեպքում Հալոպերիդոլի ընդունման դադարեցման պարագայում անհրաժեշտ է ճշգրտել հակամակարդիչի դեղաչափը:

    Քնկոտությունը եւ պարկինսոնիզմի ախտանշանները, որոնք առաջանում են Հալոպերիդոլի ընդունման դեպքում, ինքնաբերաբար անհետանում են դեղաչափի փոքրացման կամ բուժման ժամանակավոր դադարեցման դեպքում: Ուշ դիսկինեզիայի առաջացման պարագայում անհրաժեշտ է աստիճանաբար նվազեցնել դեղաչափը եւ նշանակել այլ դեղ:

    Հալոպերիդոլի ազդեցությունը փսխումային կենտրոնի վրա կարող է քողարկել որոշ դեղամիջոցների գերդոզավորման և որոշ հիվանդությունների ախտանիշները, այնպիսին ինչպիսին ստամոքսաղիքային համակարգի խցանումն է:

    Բարձր ջերմաստիճանի դեպքում ընդունումը կարող է վտանգավոր լինել, քանի որ հալոպերիդոլի ազդեցությամբ խանգարվում է ջերմակարգավորումը:

    Երկարատև ընդունման ընթացքում անհրաժեշտ է անցկացնել աչքի մշտական հսկում:

    Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթների տակ գտնվելուց:

    Պետք է զգուշություն ցուցաբերել սուր վարակների և լեյկոպենիայի դեպքում: Եթե հիվանդի մոտ առաջանում է անհասկանալի տենդ կամ վարակ, ապա պետք է կատարել արյան հսկում:

    Հալոպերիդոլով բուժումը անհրաժեշտ է աստիճանաբար դադարեցնել:

    Ավտոտրանսպորտը վարելու եւ մեխանիզմները կառավարելու ունակության վրա ունեցած ազդեցությունը. հիվանդներին, որոնք ընդունում են Հալոպերիդոլ, խորհուրդ չի տրվում զբաղվել պոտենցիալ այնպիսի վտանգավոր գործունեություններով, որոնք պահանջում են բարձր զգոնություն:

    Գերդեղաչափավորումը
    Ախտանշանները. մկանների ռիգիդություն, տեղային կամ ընդհանուր դող, քնկոտություն, զարկերակային հիպոտենզիա, երբեմն` զարկերակային հիպերտենզիա: Հազվադեպ ծանր դեպքերում` կոմատոզային վիճակ, շնչառության ընկճում, շոկ:

    Բուժումը. բնորոշ հակաթույն չկա: Հալոպերիդոլի ընդունման դեպքում, եթե հիվանդի վիճակը թույլ է տալիս, կարելի է լվանալ ստամոքսը, որից հետո նշանակել ակտիվացված ածուխ: Շնչառության ընկճման դեպքում անհրաժեշտ է իրականացնել թոքերի արհեստական շնչառություն: Արյան շրջանառության բարելավման համար ներմուծում են ն/ե պլազմա կամ ալբումինի լուծույթ, ինչպես նաեւ նորադրենալին: Այսպիսի դեպքերում ադրենալինի նշանակումը խստիվ հակացուցված է: Արտաբրգային ախտանշանների արտահայտվածության փոքրացման նպատակով անհրաժեշտ է ներմուծել հակապարկինսոնային դեղամիջոց, օրինակ` բենզտրոպինի մեզիլատ:

    Դեղորայքային փոխազդեցություններ
    Հալոպերիդոլը ուժեղացնում է ափիոնային ցավազրկողների, քնաբերների, եռացիկլիկ հակադեպրեսանտների, ընդհանուր անզգայացման դեղերի, ալկոհոլի ընկճող ազդեցությունը ԿՆՀ-ի վրա:

    Ուժեղացնում է ծայրամասային M-խոլինոպաշարիչների և հիպոտենզիվ դեղերի ազդեցությունը (նվազեցնում է գուանետիդինի ազդեցությունը` արտազատելով α-ադրեներգիկ նեյրոններից և ընկճում է այդ նեյրոնների կողմից նրա զավթումը):

    Հակախոլիներգիկ, հակահիստամինային (1-սերնդի), հակադիսկինետիկ դեղերը կարող են ուժեղացնել հակախոլիներգիկ կողմնակի ազդեցությունները և նվազեցնել Հալոպերիդոլի հակափսիխոտիկ ազդեցությունը:

    Կարբամազեպինի երկարատև նշանակման դեպքում հալոպերիդոլի մակարդակը պլազմայում նվազում է (անհրաժեշտ է մեծացնել դեղաչափը):

    Լիթիումի հետ Հալոպերիդոլի միաժամանակյա նշանակումը, հատկապես բարձր դեղաչափերով, կարող է առաջաջացնել անդարձելի նեյրոինտոքսիկացիա, ինչպես նաև ուժեղացնել արտաբրգային ախտանիշները:

    Հալոպերիդոլը դանդաղեցնում է եռացիկլիկ հակադեպրեսանտների և ՄԱՕ-ի արգելակիչների նյութափոխանակությունը, ինչի արդյունքում պլազմայում մեծանում է վերջիններիս մակարդակը և բարձրանում է թունայնությունը:
    Հակապարկինսոնային դեղերի (լեվոդոպա և այլն) հետ միաժամանակյա ընդունման դեպքում կարող է նվազել վերջիններիս բուժիչ ազդեցությունը` դոֆամիներգիկ կառույցների վրա անտագոնիստային ազդեցության պատճառով:

    Մեթիլդոպայի հետ ընդունման դեպքում հնարավոր է առաջանա դեզօրիենտացիա, մտածողության գործընթացի դժվարացում և դանդաղեցում:

    Հակացնցումային դեղերի հետ համակցված ընդունման դեպքում (ներառյալ բարբիտուրատներ և այլ միկրոսոմային օքսիդացման խթանիչներ), վերջիններիս դեղաչափերը անհրաժեշտ է բարձրացնել, քանի որ հալոպերիդոլը իջեցնում է ցնցումային ակտիվության շեմը, նաև կարող է իջնել հալոպերիդոլի շիճուկային խտությունը: Մասնավորապես, թեյի կամ սուրճի հետ համատեղ օգտագործման դեպքում հալոպերիդոլի ազդեցությունը կարող է նվազել:

    Ֆլուօքսետինի հետ միաժամանակյա ընդունման դեպքում ԿՆՀ-ի վրա կողմնակի ազդեցությունը վտանգը մեծանում է , հատկապես` արտաբրգային ռեակցիաների:

    Հալոպերիդոլը կարող է նվազեցնել բրոմկրիպտինի ազդեցությունը:

    Պիտանելիության ժամկետը
    3 տարի: Չօգտագործել պիտանելիության ժամկետը լրանալուց հետո:
    Դեղատնից բացթողման կարգը
    Բաց է թողնվում դեղատոմսով:
    Թողարկման ձևը և փաթեթավորումը
    48 դեղահատ պարունակող ստվարաթղթե տուփ (2 բլիստեր 24ական դեղահատ պարունակող):
    Պահման պայմանները
    Պահել երեխաների համար անհասանելի, չոր, լույսից և խոնավությունից պաշտպանված տեղում` սենյակային ջերմաստիճանում: