icon-menu
icon-menu

Արտադրանքներ

Դիազեպամ, 5 մգ դեղահատեր

ԴեղաձեվըԴեղահատեր

ATC խումբՆյարդաբանություն: Հոգեբանություն

ATC ենթախումբԱնքսիոլիտիկներ

Դեղի առևտրային անվանումըԴիազեպամ

Դեղի միջազգային անվանումըԴիազեպամ (Diazepam)

Ներդիր թերթիկ՝ վրացերեն: Diazepam 5 mg tablets

Ինչ է Դիազեպամ դեղը և ինչի համար է այն կիրառվում

Դիազեպամը պատկանում է բենզոդիազեպիններ կոչվող դեղերի խմբին: Այն կիրառվում է անհանգիստ վիճակների, մկանային կծկանքի (սպազմ) և ջղաձգումների (ցնցումներ) բուժման համար:

 

Դիազեպամը կիրառվում է հետևյալ դեպքերում.

Չափահասներ

  • Քրտնարտադրությամբ, դողով, տագնապի զգացողությամբ, սրտի զարկերի հաճախացմամբ, ինչպես նաև անքնությամբ (քնի խանգարմամբ) կամ հոգեկան խանգարումներով ուղեկցվող և հուզական վիճակ հանդիսացող՝ խիստ արտահայտված անհանգստության կարճատև (միայն 2-4 շաբաթ տևողությամբ) թեթևացման համար:
  • Որպես մկանաապալարիչ՝ մկանային կծկանքի և ուղեղի կաթվածի (գլխուղեղի՝ շարժողական ակտիվության խանգարումներով և մկանային պնդությամբ կամ կարկամությամբ բնորոշվող ախտահարում) դեպքում:
  • Էպիլեպսիայի բուժման համար (այլ դեղերի հետ համակցված կիրառում):
  • Ալկոհոլի հանման ախտանիշներ ունեցող պացիենտների բուժման համար:
  • Ատամնաբուժական միջամտությունների ժամանակ նյարդային պացիենտներին հանգստացնելու համար:

 

Երեխաներ

  • Ուղեղային սպաստիկության (գլխուղեղը կամ ողնուղեղը ախտահարող հիվանդություններով կամ վնասվածքներով պայմանավորված վիճակ, որն ուղեկցվում է թուլությամբ, շարժումների համակարգման խանգարումներով, մկանային պնդությամբ և կարկամությամբ) արդյունքում առաջացած լարվածությունն ու դյուրագրգռությունը թուլացնելու համար:
  • Տետանուսի արդյունքում առաջացած մկանային ջղաձգումների բուժման համար (այլ դեղերի հետ համակցված կիրառում):

Վիրահատությունից առաջ դիազեպամը դեղային նախապատրաստման նպատակով կարող է նշանակվել չափահասներին և երեխաներին՝ հանգստացնելու և քնեցնելու համար:

Ինչպես ընդունել Դիազեպամ դեղը

Միշտ անհրաժեշտ է դեղն օգտագործել բժշկի նշանակմանը համապատասխան: Մի´ ընդունեք դիազեպամ 4 շաբաթից ավելի երկար տևողությամբ: Եթե համոզված չեք, թե ինչպես պետք է դեղն ընդունել, դիմեք բուժող բժշկին կամ դեղագետին:

Դեղահատը պետք է ընդունել ամբողջությամբ՝ մեկ բաժակ ջրով:

 

Դեղաչափ

Չափահասներ

  • Անհանգստության կամ հոգեկան խանգարումների դեպքում դեղի թույլատրելի օրական դեղաչափը 5 մգ– 30 մգ է, որը բաժանվում է մի քանի ընդունումների:
  • Անքնության դեպքում դեղի թույլատրելի օրական դեղաչափը 5 մգ– 15 մգ է, որն ընդունվում է քնելուց առաջ:
  • Ուղեղային կաթվածի կամ սպաստիկ այլ վիճակների դեպքում դեղի թույլատրելի օրական դեղաչափը 5 մգ– 60 մգ է, որը բաժանվում է մի քանի ընդունումների:
  • Մկանների կծկանքի դեպքում դեղի թույլատրելի օրական դեղաչափը 5 մգ– 15 մգ է, որը բաժանվում է մի քանի ընդունումների:
  • Էպիլեպսիայի դեպքում դեղի թույլատրելի օրական դեղաչափը 2 մգ– 60 մգ է, որը բաժանվում է մի քանի ընդունումների:
  • Ալկոհոլի հանման ախտանիշների թեթևացման նպատակով կիրառման դեպքում դեղի թույլատրելի օրական դեղաչափը 5 մգ– 20 մգ է, որն անհրաժեշտության դեպքում 2-4 ժամ անց կարելի է կրկնել:
  • Ատամնաբուժական միջամտություններից առաջ դեղը կիրառվում է հետևյալ սխեմայով. 5 մգ՝ միջամտությանը նախորդող գիշերը՝ քնելուց առաջ, ապա 5 մգ՝ առավոտյան և 5 մգ՝ միջամտությունից 2 ժամ առաջ:
  • Դեղային նախապատրաստման նպատակով կիրառման դեպքում դեղի թույլատրելի օրական դեղաչափը 5 մգ– 20 մգ է:

2 մգ դեղաչափի կիրառման դեպքում նպատակահարմար է օգտագործել 2 մգ դոզավորմամբ օշարակ կամ դեղահատեր թողարկման ձևը:

 

Երեխաներ

Տվյալ դեղաձևը(դեղահատը) նախատեսված չի մինչև 6 տարեկան երեխաների կիրառման համար ( իրենց համար դեղահատի ներքին ընդունումը հանդիսանում է ոչ պատշաճ կիրառման ուղի, քանի որ իրենց մոտ դեղահատի կիրառումը այս ուղիով մեծացնում է դեղահատը ոչ ճիշտ ձևով կուլ տալու և խեղդվելու վտանգը): Կիրառումը երեխաների մոտ թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում:

Ուղեղի սպաստիկություն ունեցող երեխաների լարվածությունն ու գրգռվածությունը վերացնելու համար դեղի թույլատրելի օրական դեղաչափը 5 մգ – 40 մգ է, որը բաժանվում է մի քանի ընդունումների:

Եթե բժիշկը վիրահատական միջամտությունից առաջ Ձեր երեխային նշանակել է դիազեպամ, ապա դեղաչափը սովորաբար 2 մգ – 10 մգ է:

 

Տարեց կամ հյուծված պացիենտներ

Տարեց և տկար պացիենտներն ավելի զգայուն են դիազեպամի ազդեցությունների, այդ թվում՝ շփոթվածության նկատմամբ: Հետևաբար, բուժող բժիշկը պետք է նշանակի ցածր դեղաչափ, որը չպետք է գերազանցի չափահասների դեղաչափի կեսը:

Լյարդի կամ երիկամների խնդիրների առկայության դեպքում նույնպես դեղաչափը պետք է նվազեցնել:

 

Եթե գերազանցել եք դեղաչափը՝ ավելի շատ դեղահատ եք ընդունել, քան թույլատրելի է

Եթե Դուք (կամ որևէ մեկը) միաժամանակ շատ դեղահատեր եք ընդունել կամ կասկածում եք, որ երեխան դեղահատեր կուլ է տվել, ապա դիմեք շտապօգնության մոտակա կայան կամ այդ մասին անհապաղ տեղեկացրեք բուժող բժշկին:

Դիազեպամի գերդեղաչափման արդյունքում կարող են ի հայտ գալ դանդաղաշարժություն և շարժումների համակարգման խանգարում, քնկոտություն կամ խորը քուն, խոսքի խանգարումներ, սրտի անկանոն կամ դանդաղ զարկեր, աչքերի անվերահսկելի շարժումներ, մկանային թուլություն կամ գրգռվածություն:

Արտահայտված գերդեղաչափման արդյունքում կարող են առաջանալ կոմա (գիտակցության կորուստ), ռեֆլեքսների խանգարում և շնչառության դժվարացում:

 

Եթե մոռացել եք ընդունել Դիազեպամ դեղը

Մի´ ընդունեք կրկնակի դեղաչափ բաց թողնվածը լրացնելու նպատակով:

Եթե մոռացել եք ընդունել դիազեպամի հերթական դեղաչափը, ապա այն պարզապես ընդունեք հաջորդ ընդունման համար նախատեսված ժամին:

 

Եթե դադարեցնում եք դիազեպամի ընդունումը

Չի կարելի դադարեցնել դեղի ընդունումը՝ առանց բուժող բժշկի հետ խորհրդակցելու: Դեղի ընդունման դադարեցման անհրաժեշտության դեպքում դեղաչափը պետք է աստիճանաբար նվազեցնել՝ մինչև դեղի ընդունումը ամբողջությամբ դադարեցնելը:

Դեղի ընդունման հանկարծակի դադարեցման դեպքում կարող են ի հայտ գալ ոչ ցանկալի կողմնակի ազդեցություններ, այդ թվում՝ դեպրեսիա, նյարդայնություն, գրգռվածություն, քրտնարտադրություն կամ փորլուծություն: Բարձր դեղաչափերի ընդունման դեպքում երբեմն կարող են ի հայտ գալ շփոթվածություն, ցնցումներ կամ արտասովոր վարք:

Բուժումը պետք է դադարեցնել աստիճանաբար, հակառակ դեպքում, ախտանիշները, որոնց բուժման համար դիազեպամ եք ընդունել, կարող են կրկնվել և արտահայտվել ավելի ուժգին, քան նախկինում (վերսկսվող անքնություն և անհանգստություն): Նկարագրվածի զարգացման ռիսկն ավելի մեծ է դեղի ընդունման հանկարծակի դադարեցման դեպքում: Դուք կարող եք զգալ նաև տրամադրության փոփոխություն, տագնապ, անհանգստություն կամ քնի ռիթմի փոփոխություն:

Եթե դեղի ընդունման հետ կապված լրացուցիչ հարցեր ունեք, խորհրդակցեք բուժող բժշկի կամ դեղագետի հետ:

Դեղաբանական բնութագրիչներ

Դեղաբուժական խումբ՝ Բենզոդիազեպիններ: Հակացնցումային, քնաբեր, մկանաապալարիչ և ամնեստիկ հատկություններով օժտված տագնապամարիչ դեղ (տրակվիլիզատոր):

Անատոմիական-բուժական-քիմիական ծածկագիր՝ N05B A01

Ինչ է պարունակում Դիազեպամ դեղի փաթեթը և այլ տեղեկություն

Ինչ է պարունակում Դիազեպամ դեղը

Դիազեպամ 5 մգ դեղի յուրաքանչյուր դեղահատ պարունակում է.

ակտիվ բաղադրատարր՝ դիազեպամ – 5 մգ,

օժանդակ նյութեր՝ միկրոբյուրեղային ցելյուլոզա, լակտոզայի մոնոհիդրատ, էթիլցելյուլոզա, օսլայի նատրիումի գլիկոլյատ, մագնեզիումի ստեարատ:

Դեղի մասին առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար սեղմեք՝ http://pharm.cals.am/pharm/data/drug_134425/1736329537406.pdf