Միշտ անհրաժեշտ է դեղն օգտագործել բժշկի նշանակմանը համապատասխան: Մի´ ընդունեք դիազեպամ 4 շաբաթից ավելի երկար տևողությամբ: Եթե համոզված չեք, թե ինչպես պետք է դեղն ընդունել, դիմեք բուժող բժշկին կամ դեղագետին:
Դեղահատը պետք է ընդունել ամբողջությամբ՝ մեկ բաժակ ջրով:
Դեղաչափ
Չափահասներ
- Անհանգստության կամ հոգեկան խանգարումների դեպքում դեղի թույլատրելի օրական դեղաչափը 5 մգ– 30 մգ է, որը բաժանվում է մի քանի ընդունումների:
- Անքնության դեպքում դեղի թույլատրելի օրական դեղաչափը 5 մգ– 15 մգ է, որն ընդունվում է քնելուց առաջ:
- Ուղեղային կաթվածի կամ սպաստիկ այլ վիճակների դեպքում դեղի թույլատրելի օրական դեղաչափը 5 մգ– 60 մգ է, որը բաժանվում է մի քանի ընդունումների:
- Մկանների կծկանքի դեպքում դեղի թույլատրելի օրական դեղաչափը 5 մգ– 15 մգ է, որը բաժանվում է մի քանի ընդունումների:
- Էպիլեպսիայի դեպքում դեղի թույլատրելի օրական դեղաչափը 2 մգ– 60 մգ է, որը բաժանվում է մի քանի ընդունումների:
- Ալկոհոլի հանման ախտանիշների թեթևացման նպատակով կիրառման դեպքում դեղի թույլատրելի օրական դեղաչափը 5 մգ– 20 մգ է, որն անհրաժեշտության դեպքում 2-4 ժամ անց կարելի է կրկնել:
- Ատամնաբուժական միջամտություններից առաջ դեղը կիրառվում է հետևյալ սխեմայով. 5 մգ՝ միջամտությանը նախորդող գիշերը՝ քնելուց առաջ, ապա 5 մգ՝ առավոտյան և 5 մգ՝ միջամտությունից 2 ժամ առաջ:
- Դեղային նախապատրաստման նպատակով կիրառման դեպքում դեղի թույլատրելի օրական դեղաչափը 5 մգ– 20 մգ է:
2 մգ դեղաչափի կիրառման դեպքում նպատակահարմար է օգտագործել 2 մգ դոզավորմամբ օշարակ կամ դեղահատեր թողարկման ձևը:
Երեխաներ
Տվյալ դեղաձևը(դեղահատը) նախատեսված չի մինչև 6 տարեկան երեխաների կիրառման համար ( իրենց համար դեղահատի ներքին ընդունումը հանդիսանում է ոչ պատշաճ կիրառման ուղի, քանի որ իրենց մոտ դեղահատի կիրառումը այս ուղիով մեծացնում է դեղահատը ոչ ճիշտ ձևով կուլ տալու և խեղդվելու վտանգը): Կիրառումը երեխաների մոտ թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում:
Ուղեղի սպաստիկություն ունեցող երեխաների լարվածությունն ու գրգռվածությունը վերացնելու համար դեղի թույլատրելի օրական դեղաչափը 5 մգ – 40 մգ է, որը բաժանվում է մի քանի ընդունումների:
Եթե բժիշկը վիրահատական միջամտությունից առաջ Ձեր երեխային նշանակել է դիազեպամ, ապա դեղաչափը սովորաբար 2 մգ – 10 մգ է:
Տարեց կամ հյուծված պացիենտներ
Տարեց և տկար պացիենտներն ավելի զգայուն են դիազեպամի ազդեցությունների, այդ թվում՝ շփոթվածության նկատմամբ: Հետևաբար, բուժող բժիշկը պետք է նշանակի ցածր դեղաչափ, որը չպետք է գերազանցի չափահասների դեղաչափի կեսը:
Լյարդի կամ երիկամների խնդիրների առկայության դեպքում նույնպես դեղաչափը պետք է նվազեցնել:
Եթե գերազանցել եք դեղաչափը՝ ավելի շատ դեղահատ եք ընդունել, քան թույլատրելի է
Եթե Դուք (կամ որևէ մեկը) միաժամանակ շատ դեղահատեր եք ընդունել կամ կասկածում եք, որ երեխան դեղահատեր կուլ է տվել, ապա դիմեք շտապօգնության մոտակա կայան կամ այդ մասին անհապաղ տեղեկացրեք բուժող բժշկին:
Դիազեպամի գերդեղաչափման արդյունքում կարող են ի հայտ գալ դանդաղաշարժություն և շարժումների համակարգման խանգարում, քնկոտություն կամ խորը քուն, խոսքի խանգարումներ, սրտի անկանոն կամ դանդաղ զարկեր, աչքերի անվերահսկելի շարժումներ, մկանային թուլություն կամ գրգռվածություն:
Արտահայտված գերդեղաչափման արդյունքում կարող են առաջանալ կոմա (գիտակցության կորուստ), ռեֆլեքսների խանգարում և շնչառության դժվարացում:
Եթե մոռացել եք ընդունել Դիազեպամ դեղը
Մի´ ընդունեք կրկնակի դեղաչափ բաց թողնվածը լրացնելու նպատակով:
Եթե մոռացել եք ընդունել դիազեպամի հերթական դեղաչափը, ապա այն պարզապես ընդունեք հաջորդ ընդունման համար նախատեսված ժամին:
Եթե դադարեցնում եք դիազեպամի ընդունումը
Չի կարելի դադարեցնել դեղի ընդունումը՝ առանց բուժող բժշկի հետ խորհրդակցելու: Դեղի ընդունման դադարեցման անհրաժեշտության դեպքում դեղաչափը պետք է աստիճանաբար նվազեցնել՝ մինչև դեղի ընդունումը ամբողջությամբ դադարեցնելը:
Դեղի ընդունման հանկարծակի դադարեցման դեպքում կարող են ի հայտ գալ ոչ ցանկալի կողմնակի ազդեցություններ, այդ թվում՝ դեպրեսիա, նյարդայնություն, գրգռվածություն, քրտնարտադրություն կամ փորլուծություն: Բարձր դեղաչափերի ընդունման դեպքում երբեմն կարող են ի հայտ գալ շփոթվածություն, ցնցումներ կամ արտասովոր վարք:
Բուժումը պետք է դադարեցնել աստիճանաբար, հակառակ դեպքում, ախտանիշները, որոնց բուժման համար դիազեպամ եք ընդունել, կարող են կրկնվել և արտահայտվել ավելի ուժգին, քան նախկինում (վերսկսվող անքնություն և անհանգստություն): Նկարագրվածի զարգացման ռիսկն ավելի մեծ է դեղի ընդունման հանկարծակի դադարեցման դեպքում: Դուք կարող եք զգալ նաև տրամադրության փոփոխություն, տագնապ, անհանգստություն կամ քնի ռիթմի փոփոխություն:
Եթե դեղի ընդունման հետ կապված լրացուցիչ հարցեր ունեք, խորհրդակցեք բուժող բժշկի կամ դեղագետի հետ: