Դինգան պետք է միշտ ընդունել ճշգրիտ այնպես, ինչպես նշանակել է Ձեր բուժող բժիշկը կամ դեղագործը։ Եթե որևէ կասկած ունեք, պետք է խորհրդակցեք բժշկի կամ դեղագործի հետ։
Դինգայի դեղաչափը կախված է անհրաժեշտությունից, օրգանիզմի վիճակից, ինչպես նաև արյան և մեզի մեջ գլյուկոզի մակարդակի որոշման անալիզների արդյունքներից։ Դեղաչափը սահմանում է Ձեր բուժող բժիշկը։ Մի ընդունեք ավելի շատ դեղահատեր, քան նշանակել է Ձեր բժիշկը։
Խորհուրդ տրվող դեղաչափ
Խորհուրդ է տրվում բուժումը սկսել նվազագույն արդյունավետ դեղաչափից։ Ձեր բուժող բժիշկը կարող է մեծացնել դեղաչափը՝ կախված արյան մեջ գլյուկոզի մակարդակից։
Եթե հիվանդը անցնում է Դինգայով թերապիայի՝ առանձին ընդունվող գլիմեպիրիդից և մետֆորմինից, ապա Դինգայի դեղաչափը պետք է հաշվարկել գլիմեպիրիդի և մետֆորմինի ներկայիս դեղաչափերի հիման վրա։
- Տեղեկացրեք Ձեր բուժող բժիշկին, եթե ունեք քաշի կամ ապրելակերպի փոփոխություն կամ սթրեսային իրավիճակ, քանի որ դա կարող է պահանջել Դինգայի դեղաչափի փոփոխություն։
- Եթե կարծում եք, որ դեղի ազդեցությունը չափազանց թույլ է կամ շատ ուժեղ, ինքնուրույն մի փոխեք դեղաչափը․ խորհրդակցեք Ձեր բուժող բժշկի հետ։
Դինգան նախատեսված է ներքին ընդունման համար՝ ուտելուց առաջ կամ ուտելու ընթացքում։ Դեղահատերն ընդունեք ամբողջությամբ՝ կես բաժակ ջրով։
Եթե Դուք ընդունել եք ավելի շատ Դինգա, քան խորհուրդ է տրվում
Հիպոգլիկեմիա։ Եթե դուք պատահաբար ընդունել եք ավելի շատ Դինգա, քան խորհուրդ է տրվում, կամ ընդունել եք հավելյալ դեղաչափ, կարող է լինել հիպոգլիկեմիայի զարգացման վտանգ (հիպոգլիկեմիայի ախտանիշների համար տես «Հնարավոր կողմնակի ազդեցություններ» բաժինը): Հիպոգլիկեմիայի ախտանիշների առաջացումը կանխելու համար սկսեք օգտագործել շաքար տարբեր ձևերով (օրինակ՝ շաքարի կտոր, քաղցր հյութ կամ թեյ) և անհապաղ տեղեկացրեք Ձեր բժշկին։
Եթե հիպոգլիկեմիայի բուժումը իրականացվում է երեխաների մոտ՝ պատահական ընդունման հետևանքով, անհրաժեշտ է ուշադիր վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը, որպեսզի խուսափեք սպառնացող հիպերգլիկեմիայի զարգացման վտանգից։ Անգիտակից վիճակում գտնվող մարդկանց պետք չէ տալ սնունդ կամ ըմպելիք։
Քանի որ հիպոգլիկեմիան կարող է շարունակվել որոշ ժամանակ, շատ կարևոր է վերահսկել հիվանդի վիճակը այնքան ժամանակ, քանի դեռ նրան այլևս ոչինչ չի սպառնում։ Հոսպիտալացումը կարող է անհրաժեշտ լինել, որպես նախազգուշական միջոցառում: Ցույց տվեք Ձեր բուժող բժշկին դեղի փաթեթավորումը կամ մնացած հաբերը, որպեսզի իմանա՝ ինչ եք ընդունել։
Հիպոգլիկեմիայի ծանր դեպքերը, որոնք ուղեկցվում են գիտակցության կորստով և ծանր նյարդաբանական խանգարումներով, համարվում են անհապաղ բժշկական օգնության և ստացիոնար բուժման ենթակա դեպքեր։ Շատ կարևոր է, որ Ձեր կողքին լինի նախապես տեղեկացված մարդ, ով նման դեպքում կարող է անմիջապես դիմել բժշկի։
Լակտոացիդոզ. Քանի որ տվյալ դեղը պարունակում է մետֆորմին, կարող է հանգեցնել լակտոացիդոզի զարգացման (տե՛ս «Հատուկ ցուցումներ և նախազգուշական միջոցներ» բաժինը), որը պահանջում է անհապաղ բժշկական օգնություն և ստացիոնար բուժում։ Խնդրում ենք, որոշ կասկածների դեպքում անհապաղ խորհրդակցել Ձեր բուժող բժշկի կամ դեղագործի հետ։
Եթե Դուք մոռացել եք ընդունել Դինգա դեղը
Ընդունեք Դինգայի հերթական դեղաչափը սննդի հաջորդ ընդունման ժամանակ։
Մի ընդունեք կրկնակի դեղաչափ՝ բաց թողնված ընդունումը լրացնելու համար։
Եթե Դուք դադարեցրել եք ընդունել Դինգա դեղը
Եթե Դուք ընդհատել կամ դադարեցրել եք Դինգայի ընդունումը, պետք է տեղյակ լինեք այն մասին, որ չեք հասել ցանկալի հիպոգլիկեմիկ ազդեցության կամ կարող է հիվանդությունը կրկին վատթարանալ։
Եթե ունեք այս դեղի օգտագործման հետ կապված այլ լրացուցիչ հարցեր, խորհրդակցեք Ձեր բուժող բժշկի, դեղագործի կամ բուժքրոջ հետ։