Ընդհանուր բնութագիրը
Հիմնական ֆիզիկաքիմիական հատկությունները.
Կլոր, տափակ, մեկ կողմից ակոսիկով սպիտակ գույնի դեղահատեր:
Բաղադրությունը
Յուրաքանչյուր դեղահատը պարունակում է.
Ակտիվ բաղադրանյութ` 1մգ ֆենազեպամ (բրոմդիհիդրոքլորֆենիլբենզոդիազեպինոն):
Օժանդակ բաղադրանյութեր` միկրոբյուրեղային ցելյուլոզ, լակտոզ մոնոհիդրատ, կալցիումի հիդրոֆոսֆատ, պովիդոն, աէրոսիլ 200, մաքրված տալկ, մագնեզիումի ստեարատ:
Քիմիական անվանումը և CAS համարը
7-բրոմ-5-(2- քլորֆենիլ) -1,3- դիհիդրո-2H-1,4-բենզոդիազեպին-2-OH, 51753-57-2
Դեղաբանական խումբը և ԱԲՔ կոդը
Տագնապամարիչ դեղ, N05BA :
Դեղաբանական ազդեցությունը
Տագնապամարիչ, հակացնցումային, միոռելաքսանտ (կենտրոնական), քնաբեր, հանգստացնող դեղ է: Ֆենազեպամը խթանում է բենզոդիազեպինային ընկալիչները, բարձրացնում է ԳԱԿԹ ընկալիչների զգայունությունը միջնորդանյութի հանդեպ, ուժեղացնում է ԳԱԿԹ-ի արգելակիչ ազդեցությունը ԿՆՀ-ում: Նվազեցնում է գլխուղեղի ենթակեղևային կառուցվածքների դրդունակությունը, արգելակում է պոլիսինապտիկ ողնուղեղային ռեֆլեքսները: Թուլացնում է հուզական լարվածությունը, տագնապը, վախը, անհանգստությունը: Նախասինապտիկ արգելակման ուժեղացման հաշվին սահմանափակում է գրգիռի տարածումը, որն առաջանում է ուղեղի կեղևի, թալամուսի և լիմբիկ համակարգի էպիլեպսածին օջախներում (օջախի բարձրացած ակտիվությունը չի նվազում):
Ֆարմակոկինետիկա
Ներքին ընդունումից հետո ֆենազեպամը լավ է ներծծվում աղեստամոքսային համակարգից: Առավելագույն խտությունը (Cmax) հասունանում է 1-2 ժամում: Նյութափոխանակությունը տեղի է ունենում լյարդում: Կիսադուրսբերման պարբերությունը (T1/2) կազմում է 6-10 ժամ: Արտազատվում է երիկամներով: Լյարդի և երիկամների գործունեության թուլացումը դանդաղեցնում է արտազատումը` նպաստելով կուտակմանը:
Ցուցումներ
- Վախով ուղեկցվող սուր նևրոզանման վիճակի կարճատև բուժում,
- Անքնության կարճատև բուժում,
- Նախադեղատոգորում (որպես սկզբնական ցավազրկման բաղադրիչ),
- Տարբեր էթիոլոգիաների ցնցումային նոպաներ, էպիլեպտիկ վիճակ, տենդային ցնցումներ,
- Մկանային ջղաձգություն,
- Ալկոհոլային ժուժկալության համախտանիշի կասեցում:
Դեղաչափավորումը և կիրառման եղանակները
Էպիլեպսիայի բուժման նպատակով նշանակում են օրական 2-10 մգ (2-10 դեղահատ) մի քանի ընդունմամբ: Ալկոհոլային ժուժկալության համախտանիշի կասեցման համար նշանակում են օրական 2,5 – 5 մգ (2,5 – 5 դեղահատ): Վախով ուղեկցվող սուր նևրոզանման վիճակի բուժում համար ընդունում են 0,25 – 0,5 մգ (1/4-1/2 դեղահատ) օրական 2-3 անգամ, առավելագույնը՝ օրական 10 մգ: Բարձրագույն օրական դեղաչափը կազմում է 10 մգ (10 դեղահատ): Դեղահատն ընդունում են ամբողջապես, առանց ծամելու, բավարար քանակությամբ հեղուկով:
Կողմնակի ազդեցություններ
ԿՆՀ-ի կողմից. հազվադեպ, հատկապես բուժման սկզբում կամ անհրաժեշտ դեղաչափը գերազանցելու դեպքում, նկատվում է քնկոտություն, ատաքսիա, արտահայտված հոգնածություն, մկանային թուլություն (սովորաբար այդ երևույթները անհետանում են դեղաչափը իջեցնելիս կամ բուժման ընթացքում), շատ հազվադեպ նկատվում են գլխապտույտ, գլխացավ, դեպրեսիա, առանձին դեպքերում` հիշողության կորստի երևույթներ: Հնարավոր է պարադոքսալ ռեակցիաների զարգացում (գրգռվածություն, տագնապի և վախի զգացում, հալյուցինացիաներ, անքնություն, մկանային լարվածության ուժեղացում): Այդպիսի դեպքերում անհրաժեշտ է դադարեցնելի դեղի ընդունումը:
Մարսողական համակարգի կողմից. շատ հազվադեպ` բերանի չորություն կամ գերթքարտադրություն, կլլման խանգարում, սրտխառնոց, փորլուծություն, փորկապություն, ախորժակի վատացում: Առանձին դեպքերում` լյարդի տրանսամինազների ակտիվության բարձրացում, դեղնախտ:
Շնչառական համակարգի կողմից. հազվադեպ, բարձր դեղաչափերի ընդունման դեպքում` շնչառության ընկճում:
Սրտանոթային համակարգի կողմից. զարկերակային թերճնշում, հազվասրտություն:
Այլ նշաններ. շատ հազվադեպ` մաշկային ռեակցիա, տեսողության խանգարում, անմիզապահություն, լիբիդոյի փոփոխություն, տենդ, առանձին դեպքերում` ծայրամասային արյան պատկերի փոփոխում:
Հակացուցումներ
- Գերզգայունություն բենզոդիազեպինների նկատմամբ,
- Արտահայտված միասթենիա, երիկամների և լյարդի ծանր ախտահարումներ (ցիռոզ, Բոտկինի հիվանդություն),
- Այլ տագնապամարիչներով, նեյրոլեպտիկներով, քնաբեր դեղերով, թմրամիջոցներով և ալկոհոլով թունավորումներ,
- Հղիություն (հատկապես՝ I եռամսյակում), կաթնարտադրության շրջան,
- Մանկական և պատանեկան տարիք՝ մինչև 18 տարեկան (արդյունավետությունը և անվտանգություն որոշված չեն),
- Խուր շնչառական անբավարարություն,
- Թոքերի ծանր քրոնիկական խցանող հիվանդություն (հնարավոր է շնչառական անբավարարության ուժեղացում).
- Փականկյունային գլաուկոմա,
- Ալկոհոլով (կենսական կարևոր ֆունկցիաների թուլացմամբ), թմրաբեր ցավազրկողներով և քնաբեր դեղերով սուր թունավորում ,
- Կոմա, շոկ:
Հատուկ ցուցումներ
Որպես կարգավորիչ, որը պակասեցնում է կամ անհետացնում Ֆենազեպամի որոշ կողմնակի ազդեցությունները, կարելի է օգտագործել մեզոկարբը: Զգուշությամբ է պետք կիրառել ուղեղային օրգանական անբավարարության դեպքում: Ֆենազեպամը խորհուրդ չի տրվում նշանակել դեպրեսիվ նևրոզների, տարբեր պատճառներով առաջացած դեպրեսիաների, պսիխոզների դեպքում: Ֆենազեպամի նշանակումը շնչառական անբավարարության, գիշերային շնչադադարի համախտանիշի, կոմատոզ վիճակի դեպքում պահանջում է ցուցումների մանրամասն գնահատում` կապված շնչառության կանգի առաջացման հնարավորության հետ: Ֆենազեպամն անհրաժեշտ է հանել կիրառումից անսպասելի ռեակցիաների առաջացման դեպքում (սուր գրգռվածություն, տագնապ, քնի խանգարումներ և հալյուցինացիաներ): Երկարատև օգտագործման դեպքում անհրաժեշտ է պարբերաբար ստուգել ծայրամասային արյան պատկերը: Լյարդի և երիկամների հիվանդությունների դեպքում պետք է կանոնավոր ստուգել նրանց գործունեությունը: Ֆենազեպամով բուժումը խորհուրդ է տրվում սկսել աշխատանքային շաբաթվա վերջում: Ֆենազեպամ կարելի է ընդունել բացանկյունային գլաուկոմայի դեպքում, եթե հիվանդը ստանում է համապատասխան բուժում: Տարեց հիվանդների մոտ հնարավոր է դեղի նկատմամբ զգայունության բարձրացում` ազդեցության ուժեղացման հետևանքով: Երկարատև օգտագործման դեպքում հնարավոր է ընտելացման և կախվածության առաջացում: Ժուժկալության համախտանիշը կարող է արտահայտվել դողի, տագնապի, քնի խանգարումների, անհանգստության, գլխացավի, ուշադրության կենտրոնացման նվազման ձևով: Հնարավոր են գերքրտնարտադրություն, մկանային ցնցումներ, կծկումային բնույթի ցավեր որովայնի շրջանում, զգայունության խանգարումներ, ավելի հազվադեպ` զառանցանք և կենտրոնական ծագման ցնցումներ: Կախվածության առաջացման ռիսկը նվազեցնելու համար անհրաժեշտ է դեղը օգտագործել հնարավորինս կարճատև: Դեղի կիրառման ընթացքում արգելվում է ալկոհոլի օգտագործումը (ԿՆՀ-ի վրա ընկճող ազդեցության փոխադարձ ուժեղացման և ախտաբանական հարբածության համախտանիշի հնարավոր զարգացման պատճառով): Դեղի կիրառման դադարեցման դեպքում դեղաչափը հարկավոր է նվազեցնել աստիճանաբար: Կտրուկ ընդհատման դեպքում հնարավոր է տարբեր ինտենսիվության հանման համախտանիշերի զարգացում՝ կախված դեղաչափից և ընդունման տևողությունից:
Ազդեցությունն ավտոմեքենա վարելու և մեխանիզմների կառավարման վրա. ֆենազեպամ ընդունելիս հարկավոր է խուսափել պոտենցիալ վտանգավոր գործունեության տեսակներից, որոնք պահանջում են ուշադրության գերլարում և հոգեշարժական ռեակցիաների արագություն:
Գերդեղաչափավորում
Ախտանշաններ: Սրտանոթային, շնչառական գործունեությունների , գիտակցության արտահայտված ընկճում:
Բուժումը: օրգանիզմի կենսական կարևոր ֆունկցիաների հսկում, սրտանոթային և շնչառական գործունեության պահպանում, ախտանշանային բուժում: Բնորոշ ներհակորդ ֆլումազենիլի օգտագործում (ն/ե 0.2մգ, անհրաժեշտության դեպքում` մինչև 1մգ` 5% գլուկոզի կամ 0,9% նատրիումի քլորիդի լուծույթում):
Դեղորայքային փոխազդեցություններ
Ֆենազեպամի և ԿՆՀ-ն ընկճող դեղերի (այդ թվում` էթանոլ և էթանոլ պարունակող դեղամիջոցներ, ՄԱՕ-ի արգելակիչներ և այլ հակադեպրեսանտներ, նեյրոլեպտիկներ, հակահիստամինային դեղեր, թմրաբեր ցավազրկողներ, ընդհանուր անզգայացնող միջոցներ, բարբիտուրատներ) միաժամանակյա օգտագործման դեպքում ուժեղանում է դեղի` ԿՆՀ-ն ընկճող ազդեցությունը:
Պիտանելիության ժամկետը
Պիտանելիության ժամկետը` 3 տարի: Չօգտագործել պիտանելիության ժամկետը սպառվելուց հետո:
Դեղատնից բացթողման կարգը
Բաց է թողնվում դեղատոմսով:
Թողարկման ձևը և փաթեթավորումը
Ստվարաթղթե տուփ, որը պարունակում է 24 դեղահատ (1 բլիստեր 24 դեղահատով):
Պահման պայմանները
Պահել երեխաների համար անհասանելի, զով, խոնավությունից ու լույսից պաշտպանված տեղում: